Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը: Իրան էր ժամանակել 73 երկրի 115 պաշտոնյա: Էբրահիմ Ռայիսին հունիսի 18-ի նախագահի ընտրություններում հավաքել էր 17,9 միլիոն քվե՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Ռայիսիի ընտրությունը համարվում է Իրանի նախագահական ընտրությունների պատմության մեջ ամենականխատեսելին։ 61-ամյա Էբրահիմ Ռայիսին 2019 թ.-ից դատական իշխանության ղեկավարն է: Նա մասակցել է նաև 2017 թ․ նախագահի ընտրությանը՝ պարտվելով Հասան Ռոհանիին:
*****
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են համագործակցել՝ ի շահ տարածաշրջանային կայունության: Այս մասին նշված է երկու գործիչների հեռախոսազրույցների արդյունքների վերաբերյալ Ելիսեյան պալատի հաղորդագրությունում: «Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են համագործացել հանուն տարածաշրջանում կայունության ամրապնդման՝ հիմնվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա»,- նշված է ֆրանսիական կողմի տարածած հաղորդագրությունում: Զրույցի ժամանակ Մակրոնն անհանգստություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածության վերաբերյալ: Նախագահները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և եռակողմ համաձայնության շուրջ առկա բարդությունները, որոնք անհրաժեշտ է հաղթահարել: Ֆրասիայի և Ադրբեջանի ղեկավարները կարևորել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը՝ տարածաշրջանային կայունության ապահովման հարցում: Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հաստատել է Փարիզի հանձնառությունը հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք ապաէսկալացիայի:
*****
Անտառային հրդեհները շարունակվում են Հունաստանում: Դրանք հասել են Օլիմպիայի հնագիտական թանգարան, որը գտնվում է Էլիսում: Փրկարարներն անում են ամեն բան, որպեսզի հրդեհը չհասնի պատմամշակութային կարևոր կենտրոններին: Ավելի վաղ տարհանել են Հին Օլիմպոս փոքր քաղաքի և տեղի Միրակա համայնքի բնակիչներին։ Հունաստանի վարչապետը մեկնել է Էլիս՝ տեղում ծանոթանալու հրդեհի առաջացրած խնդիրներին և տեղում ընթացող աշխատանքին: Հունաստանի մշակույթի նախարարը վստահեցրել է, որ կանխարգելիչ գործողությունները մինչև այս պահն արդյունք տվել են:
*****
Բելառուսի նախագահը հանձնարարել է երկրի ուժային կառույցներին փակել երկրի պետական սահմանների յուրաքանչյուր մետրը: Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությունը հնչել է Լիտվայի հետ սահմանին ներգաղթյալների շուրջ ծագած խնդիրների ֆոնին։ Ո՛չ հյուսիսից, ո՛չ հարավից, ո՛չ արևմուտքից, ո՛չ արևելքից որևէ մեկը չպետք է ոտք դնի Բելառուս՝ հայտարարել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ Բելառուսի արևմտյան սահմաններին, առաջին հերթին, Լիտվայի և նույնիսկ Լեհաստանի սահմանին, վերջին իրադարձություններն առնվազն տագնապալի են. խոսքն ապօրինի ներգաղթյալների խոշոր կուտակումների մասին է:
*****
Կորոնավիրուսի դեմ 3-րդ չափաբաժինը բնակչությանը կառաջարկեն նաև Ֆրանսիայում՝ հայտարարել Է Ֆրանսիայի ղեկավարը: Էմանուել Մակրոնը մանրամասնել է, որ Ֆրանսիայում երրորդ չափաբաժնի ներարկումը կսկսվի ամառային արձակուրդից հետո: Ֆրանսիայում պատվաստման արշավի սկսվելուց ի վեր երկրում բնակչության 53 տոկոսն արդեն լրիվ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, բնակչության 63,6 տոկոսն ստացել է պատվաստանյութի մեկ չափաբաժինը:
*****
Վրաստանի առողջապահության նախարարությունում համաճարակաբանական իրադրության վատթարացումը և ախտահարման նոր դեպքերի ավելացումը կապում են ոչ թե զբոսաշրջության, այլ հարսանիքների, հոգեհացերի արարողությունների և հանձնարարականները չպահպանելու հետ՝ հայտարարել է առողջապահության փոխնախարարը: Թամար Գաբունիայի խոսքով՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատկերն զգալիորեն դեպի լավը կփոխվի այն դեպքում, եթե բնակչության շրջանում դիմակների օգտագործման տոկոսը հասնի 95-ի: Գաբունիան նաև մեկնաբանել է պարտադիր պատվաստում սահմանելու հնարավորության հարցը: Նրա խոսքով՝ այս փուլում նման պրակտիկայի սահմանում չի պլանավորվում: