Աշնանացան ցորենի սերմի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով պետությունը նպաստում է ցանքատարածությունների ավելացմանը, բերքատվության բարձրացմանը և տնտեսվարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։ Նախորդ շաբաթ Կառավարությունը հաստատեց «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության» ծրագիրը։
Իռա Փանոսյան (ՀՀ ԷՆ գյուղատնտեսության ծրագրերի մշակման վարչության պետ) - 1-100 հա ցանք կատարող տնտեսվարողները կարող են դառնալ տվյալ ծրագրի շահառու։
Ծրագիրը կիրականացվի հանրապետության բոլոր մարզերում։ Յուրաքանչյուր շահառու կարող է ձեռք բերել առավելագույնը 35000 կգ սերմ։ Ծրագրով ձեռք բերված սերմով շահառուն պետք է պարտադիր ցանք կատարի մինչև նոյեմբերի 1-ը, իսկ եղանակային պայմաններով պայմանավորված՝ ցածրադիր շրջաններում մինչև նոյեմբերի առաջին տասնօրյակը։
Իռա Փանոսյան - Ծրագրի շահառու դառնալու համար տնտեսվարողները կարող են ինչպես անձամբ ներմուծել բարձրորակ սերմացու և համապատասխան Կառավարությամբ նշված գործընթացով դիմել էկոնոմիկայի նախարարություն՝ փոխհատուցում ստանալու համար, այնպես էլ մատակարարների միջոցով կարող են ձեռք բերել սերմացու։
Սուբսիդիա կամ փոխհատուցում կտրամադրվի միայն հավաստագրված, պիտակավորված, ախտահանված և հանրապետության հավատարմագրված լաբորատորիաներում փորձաքննություն անցած սերմերի համար։ Սերմի 1 կիլոգրամը շահառուն ձեռք կբերի շուկայականից 30 տոկոս ցածր գնով։
Իռա Փանոսյան - Հավաստագրված, ախտահանված, աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի շուկայական գինը կազմում է շուրջ 250 դրամ։ Պետությունը 70 դրամով սուբսիդավորում է, որպեսզի տնտեսվարողին հասանելի լինի 180 դրամով։ Իսկ եթե առաջին վերարտադրության հավաստագրված, ախտահանված սերմացու եք ձեռք բերում, միջինացված գինը 230 դրամ է, պետությունը սուբսիդավորում է, որպեսզի 160 դրամով հասանելի լինի տնտեսվարող սուբյեկտներին։
Ծրագրին մասնակցելու համար մատակարարները պետք է սահմանված ժամկետում նախարարություն ներկայացնեն պահանջվող սորտերի ցանկը, քանակը և կնքեն սուբսիդավորման կամ փոխհատուցման պայմանագիր։ Ծրագրին չեն կարող դիմել Կառավարության որոշումներով արձանագրված խախտումներ կատարած մատակարարները և շահառուները։
Իռա Փանոսյան - Մատակարարները մինչև սույն ամսվա օգոստոսի 12-ը պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն՝ մատակարարների տվյալների ցանկում ընդգրկվելու համար։ Այդ ցանկը կներկայացվի Էկոնոմիկայի նախարարության կայքում։
Մինչև գնումը շահառուն կարող է իրականացնել մատակարարից ձեռք բերվող սերմերի որակի սեփական փորձաքննություն: Անհամապատասխանության դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է մատակարարից պահանջել փորձաքննության համար կատարված ծախսերի փոխհատուցում։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան