ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում հուլիսի 29-30-ին համերգներով հանդես են եկել Գեղարքունիքում:
Համերգները նվիրված էին Առնո Բաբաջանյանի 100-ամյակին. հնչել են անվանի կոմպոզիտորի և ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի՝ բոլորի կողմից սիրված ստեղծագործությունները: Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել Մարտունի և Վարդենիս քաղաքներում անցկացված համերգները՝ նշելով, որ ամեն ինչ արվել է, որպեսզի Երևանից դուրս՝ մարզերում և սահմանամերձ համայնքներում, Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախմբի և արտիստների ելույթները չզիջեն մայրաքաղաքում իրականացվող համերգային ծրագրերին:
«Իզուր չէ, որ համերգներն իրականացնում ենք «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրի ներքո. պետք է սահմանամերձ համայնքներում, ամենուր, մեր առօրյայում շատացնենք մշակույթը, որպեսզի հաղթահարենք հոգեբանական ճգնաժամերն ու մեղմենք նմանատիպ տրամադրությունները»,- շեշտել է թատրոնի տնօրենը՝ տեղեկացնելով, որ այս խորագրի ներքո իրականացվող համերգները լինելու են շարունակական, և առաջիկայում դրանք կանցկացվեն Տավուշի մարզի Բերդավան, Բերդ, Ազատամուտ համայնքներում, իսկ ավելի ուշ՝ Սյունիքում՝ Դարբաս, Մեղրի, Կապան համայնքներում:
Հատկանշական է, որ համերգներից առաջ «Առնո Բաբաջանյան» թեմայով իր անհատական ցուցահանդեսով ներկայացել է թատրոնի նկարիչ Նարեկ Տերյանը:
«Ներկայացրել եմ շուրջ 25 կտավ, որոնցից 15-ը բաբաջանյանական թեմայով են՝ կոմպոզիտորի դիմանկար և նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված աշխատանքներ: Ցուցադրության մեջ ներառված են նաև նատյուրմորտներ և այլ կոմպոզիցիաներ»,- տեղեկացրել է երիտասարդ նկարիչը:
Այն դիտարկմանը, թե արդյոք սահմանամերձ համայնքներում ներկայացվող այդ ցուցադրությունը կհամալրվի հարուստ և գեղեցիկ բնությունից ստացված ոգեշնչումներով, Նարեկ Տերյանը պատասխանել է.
«Անշուշտ, կհամալրվի, քանի որ ամենաշատը ոգեշնչվում եմ բնությամբ, և շրջագայության ընթացքում իմ ներսում, աշխարհում ունեցած բացահայտումները բերելու և ցույց եմ տալու նաև մարդկանց»:
Թատրոնի արտիստ Միլենա Մելիքյանն էլ նշել է, որ Հայաստանի երգի պետական թատրոնն իր երկար տարիների պատմության մեջ ունի ձևավորված ավանդույթ՝ լինել սահմանին, զինվորի և սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչների կողքին:
«Չնայած այս ժամանակահատվածի բարդ մարտահրավերներին՝ մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր գործունեությանը: Գեղարքունիքում իրականացված երկու համերգներն էլ տպավորիչ էին, քանի որ յուրաքանչյուրս փորձում ենք լինել մեր տեղում, մշակույթով հաղթահարել և դիմակայել բոլոր մարտահրավերներին»,- ասել է Միլենա Մելիքյանը և հավելել, որ ծրագրում ընդգրկված Առնո Բաբաջանյանի և Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները մեծ սիրով և ջերմությամբ են ներկայացրել տեղի հանդիսատեսին: