Հայաստանի գլխավոր դատախազությունը օգոստոսի 3-ին հաղորդեց փոքր հիդրոէլեկտրակայան շահագործելու համար ջրօգտագործման կեղծ թույլտվություն ներկայացնելու դեպքի հայտնաբերման ու այդ դեպքի հիման վրա քրեական գործ հարուցվելու
մասին։
Ըստ դատախազության՝ Գեղարքունիքի մարզում փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող ընկերությունը ցանկացել է անցյալ տարի երկարաձգել 2015-ին իրեն տրամադրված ջրօգտագործման թույլտվությունը Գեղարքունիքի մարզում գտնվող Ձորագյուղ գետի վրա։ Ընկերության ներկայացրած փաստաթղթերը, սակայն, տարբերվել են շրջակա միջավայրի նախարարությունում առկա տվյալներից. «ՀՀ շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի աղբյուրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ, իսկ ընկերության կողմից ներկայացված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրառի վայր (մակերևութային ջրային ռեսուրս) նշված է՝ «Ձորագյուղ-3» ՓՀԷԿ-ի մոտ կառուցված մետաղյա ճնշումային ավազան: Տարբերություններ են առկա եղել նաև ըստ ամիսների ջրառի նախատեսվող ծավալներում: Բացի այդ, ընկերության կողմից ներկայացված №000367 ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է կառուցված մետաղյա ճնշումային ավազան, կամ Ձորագյուղ գետի անանուն վտակ՝ «Ձորագյուղ-1» ՓՀԷԿ-ի չգործելու դեպքում, սակայն, պետական կադաստրների, ռեեստրների վարման և մոնիթորինգի բաժնում գրանցված ջրօգտագործման թույլտվության մեջ ջրահեռացման վայրը նշված է Ձորագյուղ գետի անանուն վտակ»,- նշված է դատախազության հաղորդագրությունում։
Հարուցված քրեական գործը վերաբերում է փաստաթուղթ կեղծելուն, պատրաստելուն ու իրացնելուն։ Գործի նախաքննությունը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։
Ձորագյուղ գետը գտնվում է Գեղարքունիքի մարզում, երկարությունը 18 կմ է։ Այն սկիզբ է առնում Գեղամա լեռներից ու համարվում է Ծակքար գետի ձախակողմյան վտակը։ «էկոլուրի» ուսումնասիրության համաձայն՝ կասկադային հիդրոէլեկտրակայանը կառուցվել է Ձորագյուղի ոռոգման ջրատարի վրա ու շահագործվում է 2008 թվականից։ 2015-ին հիդրոէլեկտրակայանը ստացել է նոր թույլտվություններ, իրականացվել են վերազինման աշխատանքներ։ ՓՀԷԿ-ի դրվածքային հզորությունը 530 կիլովատտ է:
«Ձորագյուղ-1» փոքր հիդրոէլեկտրակայանը շահագործողը, ըստ բաց
տվյալների, «Սեկտոր քվանտ» ՍՊԸ-ն է, որը պատկանում է Գեղարքունիքի նախկին ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ընտանիքին։ Գրիգորյանը ծնունդով հենց Ձորագյուղից է։ Այս համայնքի գյուղապետը 2000 թվականից Ռաֆիկ Գրիգորյանի եղբայրն է՝ Լևիկ Գրիգորյանը, որը 2017-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում, պատասխանելով դիտարկմանը, որ ՓՀԷԿ-ը պատկանում է Ռաֆիկ Գրիգորյանին, ասել էր՝ «շատերը շատ բան են ասում», իսկ ՓՀԷԿ-ի սեփականատերը իրենց հարազատ-բարեկամներից է։
Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Սեկտոր քվանտ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Կարեն Գրիգորյանն է՝ Ռաֆիկ Գրիգորյանի որդին։ Կարեն Գրիգորյանը նաև Պետեկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 1 բաժնի տեղակալն է եղել։ Նա այդ պաշտոնից ազատվել է 2018-ին։ Պաշտոնը դադարեցնելու պահին ներկայացված գույքի, ունեցվածքի, եկամուտների
հայտարարագրով՝ Կարեն Գրիգորյանն ուներ 1 բնակարան, երկու հողամաս, Hayasa 350 մակնիշի մոտոցիկլետ։ Դրամական միջոցները կազմել էին 7.8 միլիոն դրամ և 30.000 դոլար։ Կարեն Գրիգորյանը վերջին խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» դաշինքի 23-րդ համարն էր։
Ի դեպ, ներկայումս ընկերության տնօրենը նախկին մարզպետ և պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանն է։