Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հեռավար հանդիպում ունեցավ ԱՄՆ կոնգրեսական Միշել Սթիլի հետ, որը ներկայացնում է Հարավային Կալիֆորնիայի Օրանջի մարզի ափամերձ շրջանով ձգվող 48րդ կոնգրեսական ընտրաշրջանը։
Դեսպան Բայբուրդյանը շնորհավորեց կոնգրեսական Սթիլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընտրվելու և կոնգրեսական հայկական խմբին միանալու կապակցությամբ։ Նա բարձր գնահատեց Միշել Սթիլի շարունակական աջակցությունը հայկական խնդիրներին և նվիրումը։ Նույնիսկ իր նախարդ կարգավիճակով, երբ նա Օրանջի մարզի կառավարիչ էր և Կառավարիչների խորհրդի նախագահ, Միշել Սթիլի նախաձեռնությամբ 2015 թվականից սկսյալ միաձայն ընդունվել են բանաձևեր՝ ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հռչակող։
Դեսպան Բայբուրդյանը տեղեկացրեց Կոնգրեսի անդամ Սթիլին Ադրբեջանի ոտնձգությունների մասին՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական ինքնիշխանության նկատմամբ։ Մարդկային զոհերով ավարտվող ՀՀ սահմաններին Ադրբեջանի շարունակական ռազմական սադրանքների արդյունքները, ինչպես նաև անօրինական կերպով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և առևանգված քաղաքացիական անձանց ազատ արձակելուց հրաժարումը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում են հանդիսանում։ Նա շեշտեց այս վայրագ գործողությունները դատապարտելու և մարդկության խաղաղ գոյակցության հիմնարար կանոնները պահպանելու ծառացած անհրաժեշտությունը։
Կոնգրեսական Սթիլը նշեց, որ հայկական խնդիրներին իր աջակցության հանձնառությունը մնայուն է, և հավաստիացրեց իր շարունակական աջակցության մեջ։ Զրուցակիցները քննարկեցին համագործակցության ու հետագա հանդիպումներ կազմակերպելու հարցեր։
Միշել Սթիլը Հանրապետական կուսակցության անդամ է։ Նա ծագումով կորեացի է։ Ընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 2020 թվականի վերջին։ Ներկայումս նա կրանսպորտի և ենթակառուցվածքների, ինչպես նաև կրթության և աշխատանքի կոմիտեների անդամ է։ Ավելի վաղ՝ 2015-2021 թթ․, եղել է Օրանջի մարզի կառավարիչներից մեկը, իսկ 2017 և նորից 2020 թվականին՝ Կառավարիչների խորհրդի նախագահ։