Լիոնել Մեսսին չի շարունակի ելույթները «Բարսելոնայի» կազմում։ Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանիայի առաջնության ֆինանսական կանոնների պատճառով ակումբը 34-ամյա ֆուտբոլիստի հետ չի կարողացել նոր պայմանագիր կնքել։
«Չնայած նրան, որ ակումբն ու խաղացողը համաձայնության էին եկել ու ցանկանում էին նոր պայմանագիր կնքել, դա հնարավոր չէ ֆինանսական ու կառուցվածքային խոչընդոտների պատճառով։
Այս իրավիճակից ելնելով՝ Մեսսին չի մնա «Բարսելոնայում»։ Երկու կողմն էլ խորապես ափսոսում է, որ ակումբի ու խաղացողի ցանկությունները չեն իրականանա:
«Բարսելոնան» սրտանց երախտապարտ է խաղացողին` ակումբի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար և նրան լավագույնն է մաղթում ապագայում` իր անձնական ու մասնագիտական կյանքում»,- ասված է ակումբի հայտարարության մեջ։
Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայում։ Նա կատալոնական թիմի կազմում նորամուտը նշել է 2004-ի հոկտեմբերին: