2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության հետ կապված Հայաստանը խնդիրներ չի ունեցել: Խորհրդարանում այսօր հայտարարեց պաշտպանության այն ժամանակվա նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը;
«Հայաստան» խմբակցության ղեկավար
Սեյրան Օհանյան, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար - Հետախուզության հետ կապված ռազմավարական մակարդակում և օպերատիվ մարտավարական մակարդակում մենք խնդիրներ չենք ունեցել:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, մինչդեռ, 2020-ի օգոստոսի 19-ին Ապրիլյան պատերազմի թեմայով հրավիրած ասուլիսում հայտարարել էր՝ քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդն անակնկալ է հարձակվել։ Ըստ Սարգսյանի՝ հայկական կողմը նախապես չի իմացել, որ Ադրբեջանի կողմից պատրաստվում է լայնածավալ գործողություն:
Սերժ Սարգսյան, ՀՀ երրորդ նախագահ - Այո՛, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է:
Սերժ Սարգսյանն այս թեմային անդրադարձել էր, երբ ասուլիսում հարցրել էին՝ արդյո՞ք Ապրիլյանի ժամանակ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանի ազատման պատճառը թերացումն է եղել: Կարապետյանը քառօրյայից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ արված բարձրաստիճան զինվորականներից մեկն էր:
2021 օգոստոսի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Թավշյա հեղափոխությունից ամիսներ անց Կարապետյանը նշանակվել էր վարչապետի խորհրդական: 2021-ի ապրիլին Կարապետյանն զբաղեցրել է զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ մոտ երկու շաբաթ առաջ նշանակվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Ապրիլյան պատերազմից հետո Արշակ Կարապետյանին ուղղված քննադատություններին և մեղադրանքներին 2018 թվականի դեկտեմբերին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պնդել, որ քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է տասնյակ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չի գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին: