Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի և Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Հիրավի, դուք ունեք ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահության քվեն և խորհրդարանական մեծամասնության լիակատար աջակցությունը՝ կյանքի կոչելու մեր ժողովրդի անկեղծ սպասումները և ազգային նվիրական իղձերը։ Լիահույս ենք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը՝ Ձեր իսկ գլխավորությամբ, ուժերի գերագույն լարումով և համախմբմամբ ձեռնամուխ կլինեք Հայաստանի խաղաղության և անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, բանակաշինության և հարատև բարօրության ապահովման։
Առ Աստված աղոթքով Ձեզ մաղթում ենք ուժ և կորով, աստվածային իմաստություն և համբերություն, որպեսզի վճռականորեն և անշեղ կերպով իրագործեք մեր ազգի և պետության համար առաջնահերթություն հանդիսացող այնքա՜ն կենսական ծրագրերը։ Տերը թող զորավիգ լինի Ձեզ»: