Հայաստանում էմիրաթական Key2enable կազմակերպության կողմից վերապատրաստվեցին խնամքի կենտրոնների, տարբեր հասարակական կազմակերպությունների և հատուկ ներառական դպրոցների մասնագետները՝ հնարավորություն ստանալով նոր տեխնոլոգիաները փորձարկել իրենց ոլորտում:
Լիդա Ջուլիկյան (Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց աջակցող սարքերի տրամադրումը շատ կարևոր նշանակություն ունի հատկապես զարգացման համակցված բարդ առանձնահատկություններ ունեցող երեխաների համար, ովքեր վերբալ խոսքի միջոցով չեն կարողանում իրենց զգացմունքներն արտահայտել:
Անի Տարախչյան («Սորս» հիմնադրամի համակարգող) - Շատ բալիկներ ունեն սրանց կարիքը, ուրախ կլինենք, եթե պետական մարմինները կարողանան ձեռք բերել:
Ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց ցանկացած համակարգչից, սմարթֆոնից կամ պլանշետից օգտվելու հնարավորություն տվող բազմաֆունկցիոնալ ստեղնաշարի բոլոր առավելություններն ուսումնասիրել է շուրջ 70 մասնագետ, որոնք արդեն իսկ կարող են դրանք կիրառել երեխաների հետ աշխատանքում:
Ժոզե Ռուբինգեր (Key2enable կազմակերպության ղեկավար և համահիմնադիր) - Ուսուցումը հաջողությամբ անցավ, քանի որ կազմակերպիչները մասնագետների հավաքագրման առումով շատ ճիշտ ընտրություն էին արել՝ հրավիրելով ոլորտի լավագույն մասնագետներին, ովքեր հետաքրքրությամբ ուսումնասիրեցին սարքի բոլոր մանրամասները՝ հետագայում երեխաներին սովորեցնելու նպատակով:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ևս դրական է գնահատում վերապատրաստման և փորձի փոխանակման դասընթացը:
Նարեկ Մկրտչյան (աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Նախնական տպավորությունը բավականին դրական եմ գնահատում, «Իզմիրլյան կենտրոնում» մենք փորձարկել ենք առաջին օրը, արդյունքները բավականին տպավորիչ էին:
11 ստեղն ունեցող, հեշտ կիրառելի սարքավորումը գուցե շուտով նաև Հայաստանում հաշմանդամություն ունեցող բազմաթիվ փոքրիկների առօրյայի անբաժան մասը դառնա:
Նարեկ Մկրտչյան - Կարծում եմ, որ մենք շատ մոտ ապագայում կքննարկենք հնարավորությունը դրանք ձեռք բերելու, գոնե սկզբնական փուլում մեր խնամքի կենտրոնների համար ունենալու առանձին տեխնոլոգիական սենյակներ:
Ժոզե Ռուբինգեր - Կարծում եմ՝ սարքը կկիրառվի Հայաստանում, մենք ջանք չենք խնայի, որ այն հարմարեցնենք հայերենին: Հայերեն տառերն ավելի շատ են, քան՝ անգլերենը, բայց կփորձենք այդ խնդիրը լուծել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կարծիքով՝ 21-րդ դարում նոր տեխնոլոգիաները պետք է կիրառելի դարձնել նաև որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց համար: