Հայկական տոնական տարազներն են: Առաջինը գրող Սիամանթոյի մոր հարսանեկան զգեստն է: Նախկինում հայ աղջիկներն ամուսնանալիս կրում էին կարմիր զգեստ: Այս մեկը, օրինակ, կրել են 1905 թվականին, տատիկի զգեստը խնամքով պահել և Հայաստանի պատմության թանգարանին այս տարի փոխանցել է թոռնուհին: Այստեղ արդեն մեկ ամիս է՝ այցելուները ծանոթանում են 18-20-րդ դարի հայկական հագուկապին: Որոշվել է «Դրվագներ ինքնության. Տարազ» խորագրով ցուցահանդեսը երկարաձգել մինչև հոկտեմբերի 30-ը. այցելուների հոսքը մեծ է:
Նժդեհ Երանյան, գիտական գծով փոխտնօրեն - Չնայած ամառվա այս շոգին, թվում էր՝ այցելուները պետք է քիչ լինեին, սակայն մեկ ամսվա ընթացքում 2000-ից ավելի այցելու ունենք, ինչը, կարծում եմ, մեծ թիվ է ժամանակավոր ցուցադրության համար:
Փոքրից մեծ գտել են իրենց հետաքրքրող տարազները: Հայկական ավանդական հագուստը գրավել է նաև արտասահմանցիների ուշադրությունը:
Նժդեհ Երանյան - Բոլորը կարծես հետաքրքրված են: Ինչ-որ առումով առաջին անգամ էր, որ ներկայացված են տարազի առանձին դետալ կամ համալիր, այլ տարազային խմբեր: Ունենք նաև առանձին աքսեսուարներ:
Հայաստանի պատմության թանգարանը ցուցադրությունից բացի ամեն ուրբաթ իրականացնում է կրթական ծրագիր, այցելուներին պատմում հայերի ավանդույթների մասին: Փոխտնօրենը պատմում է՝ հայկական, ավանդական առօրյա հագուստն էլ շատ ներկայանալի էր: Հայ կանայք նույնիսկ կենցաղում սիրում էին զարդել կրել: Տոնական օրերին դրանք ավելի շքեղ էին: