Անտեսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ Բաքուն շարունակում է ապօրինի դատական գործընթացը հայ գերիների նկատմամբ: Ադրբեջանում հայտնված գերիներից ոչ մեկը չի արդարացվում, իսկ ամեն մի նոր վճիռ իր խստությամբ գերազանցում է նախորդը:
Վերջին դեպքը. Բաքվի բանտից դատարանում հայտնված հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Հայաստանի քաղաքացիները ազատազրկման առաջին 10 տարին պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի կալանավայրում:
Ընդհանուր առմամբ, Բաքվի շրջանային դատարանն արդեն տասնյակ որոշումներ է կայացրել հայ գերիների նկատմամբ, սակայն փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ նրանց վերադարձի իրավական ճանապարհները չեն սպառվել, Ղազարյանը երկու մեխանիզմ է առանձնացնում:
Արա Ղազարյան (փաստաբան) - Մեկը՝ եթե այդ մարդիկ արդարացվեն, ինչի հույսը մենք չունենք: Եվ երկրորդ՝ եթե դատապարտվելուց հետո Հայաստանը դիմի և Ադրբեջանը համաձայնի դատապարտյալներին հանձնել Հայաստանին, որպեսզի այդ մարդիկ շարունակեն պատիժը կրել Հայաստանում:
Միջազգային պրակտիկայում արտահանձնման դեպքերը քիչ չեն, սակայն այս պարագայում հիմնական խնդիրն այն է, որ գործընթացը ռազմագերիների նկատմամբ ոչ թե իրավական է, այլ քաղաքական: Հետևաբար, արտահանձնման ամենահեշտ տարբերակը Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունը կլինի, կարծում է Ղազարյանը:
Արա Ղազարյան - Հայտնի է, որ Ադրբեջանն օգտագործում է որպես լծակ Հայաստանին ճնշելու համար: Նշանակում է՝ Ադրբեջանը միշտ կնայի իր քաղաքական նպատակահարմարությանը՝ տալ արտահանձնելու համաձայնություն:
Հայաստանը և Ադրբեջանը միացել են արտահանձնման մասին Եվրոպական կոնվենցիային: Ֆորմալ առումով խոչընդոտ կարող է լինել երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, սակայն նույնիսկ նման դեպքերի համար Եվրոպական դատարանը կարծիք է ներկայացրել, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակում պարտավոր է գործակցել Հայաստանի հետ: Բաքվի որոշման վրա կարող են և կազդեն Եվրոպական դատարանի սպասվելիք որոշումները, վստահ է փաստաբանը:
Արա Ղազարյանը համոզված է՝ հայ ռազմագերիները, որոնք ազատազրկման են դատապարտվել, երկար չեն մնալու Բաքվի բանտերում: