Կաթնամթերքի շուկան հայտնվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում: Կառույցի աշխատակիցները շուկայում առողջության համար վտանգավոր արտադրանք չեն հայտնաբերել, բայց մի շարք տնտեսվարողներ չեն բավարարել սանիտարահիգիենիկ պայմանները:
Բոլոր այն ընկերություններում, որտեղ հայտնաբերվել են խախտումներ, գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է:
Վերջերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, սանիտարահիգիենիկ պայմանները չբավարարելու հիմքով կասեցրել էին «Բանդիվան Կաթ» ընկերության կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը: ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանի խոսքով՝ կաթնամթերքի արտադրամասի խախտումները վերացվել են, սակայն մսամթերքի արտադրությունը դեռ չի գործում:
Ինչո՞ւ խախտումներ հայտնաբերված ընկերությունների գործունեությունն ամբողջովին չի կասեցվում: Սոցիալ-տնտեսական իրավիճակն ու տնտեսությանը չվնասելու խաղի կանոններն են տեսչական մարմնին զերծ պահում ավելի կտրուկ քայլերից՝ ասում է Վահե Դանիելյանը:
Խախտումների մի մասը նաև մակնշման հետ է կապված: Հունիսից ուժի մեջ մտած ԵԱՏՄ նոր կանոնակարգով՝ մակնշման նոր չափանիշներ են ներդրվել:
Վերջերս Սիբիրյան խոցի դեպքեր էին հայտնաբերվել, մասնավորապես, Շիրակի մարզում: Վահե Դանիելյանն ընդունում է, որ պատվաստումները թերի են կատարվել: Դանիելյանը չի բացառում, որ դեպքերը կարող են կրկնվել: