Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետ Արմեն Ոսկանյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Գնել Գասպարյանին:
Ավազակային հարձակմամբ զուգորդված սպանությունը տեղի էր ունեցել այս տարվա ձմռանը: 58-ամյա պետին իրավապահները հայտնաբերել էին Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում՝ գլխի և մարմնի այլ հատվածներում բազմաթիվ քերծվածքներով և արյունազեղումներով, ձեռքերը կպչուն ժապավենով կապված վիճակում:
Արտյոմ Շոխոյան, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ - Քրեական գործի նախաքննությամբ հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել երեք անձ, որոնք ներգրավվել են որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով՝ ավազակությամբ զուգորդված սպանություն կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Ըստ գործի նյութերի՝ ենթադրյալ հանցագործները դեպքից մեկ օր առաջ դարանակալել են շենքի նկուղային հարկում, իսկ հաջորդ օրը քննությամբ դեռևս չպարզված հանցակցից տեղեկություն ստանալով, որ տուժողը պատրաստվում է խանութից վերադառնալ բնակարան, դուրս են եկել թաքստոցից ու հարձակվել նրա վրա: Բռնության գործադրմամբ՝ հանցագործները տանտիրոջից պահանջել են հայտնել բնակարանում պահվող ոսկյա զարդերի և գումարի տեղը: Բացասական պատասխան ստանալուց հետո նրանք բութ առարկաներով հարվածներ են հասցրել Արմեն Ոսկանյանի գլխի և դեմքի շրջաններին, որի հետևանքով վերջինս մահացել է:
Արտյոմ Շոխոյան - Քրեական գործի նախաքննությամբ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք փաստական տվյալներ, նշված երեք անձանց առնչությունը հանցագործության հետ հիմնավորող բավարար փաստական տվյալներ և ապացույցներ, որոնց հիման վրա էլ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար ապացույցներ ձեռք բերելու հիման վրա կազմել է մեղադրական եզրակացություն, և գործն ուղարկվել է դատախազություն:
Ըստ տուժող կողմի ներկայացրած տվյալների՝ բնակարանից հափշտակվել են 4 միլիոն 972 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Արտյոմ Շոխոյան - Գողոնը քրեական գործի քննությամբ դեռևս չի հայտնաբերվել: Ի դեպ՝ նշեմ, որ քրեական գործի ավարտման փուլում քրեական գործից անջատվել է մաս՝ նշված երեք մեղադրյալներին օժանդակություն ցուցաբերած այլ հանցակիցների վերաբերյալ:
Հարուցված քրեական գործով տուժողի կարգավիճակ ունի 4 անձ՝ հանգուցյալն ու նրա ընտանիքի անդամները: