Գրոմը, Գամման ու «Միրաժ» ակումբի զտարյուն մյուս երիվարները շուտով միջազգային չափանիշների նոր ձիարշավարան կունենան։ Այն կառուցվելու է Կոտայքում։ Բիզնես նախագծի հեղինակն ասում է՝ այստեղ պարապ չեն մնա նաև պարապմունք-մրցույթների չմասնակցող նժույգները։
Արսեն Խլղաթյան (ձիարշավարանի հիմնադիր) - Փորձելու ենք արշավներ կազմակերպել: Ստեղից աջ՝ գնում ենք Բջնի, Բերդ եկեղեցի, առաջին էտապն ա՝ էնտեղ վրանային հանգիստ, հետո մեր Ծաղկունյաց լեռնաշղթայում բնական լիճ ունենք, դրա արշավն ենք կազմակերպելու:
Տարածքը, որտեղ կլինի ձիարշավարանը, Աղվերանի տուրիստական գոտու խաչմերուկում է։ Հանգստյան տներն այս ուղղությամբ շատացել են, ժամանցի տեսակները՝ դեռ ոչ։ Այնպես որ, մարզում բացվող առաջին ձիարշավարանն ու պրոֆեսիոնալ թե սիրողական մակարդակով ձի հեծնելու հնարավորությունը մեծ պահանջարկ կունենա, վստահ է նաև Չարենցավանի տնտեսական զարգացման պատասխանատուն։ Հենց այդ պատճառով էլ որոշել են աջակցել մասնավորին․ ձիարշավարանի փաթեթը համայնքի կողմից ներկայացվել է Երևան՝ դրամաշնորհի մրցույթի ու 18 հազար եվրո ֆինանսավորում ստացել։
Աշոտ Ծերունյան (Չարենցավան համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու - զարգացման ծրագրերի և ՏՏ բաժնի պետ) - Արզականն ու Բջնին անմիջականորեն են օգտվելու, մենք կանգնած ենք մի տեղ, որտեղից ճանապարհը ճյուղավորվում է, ձիարշավարանն էստեղ ա լինելու:
Ձիարշավարանը Չարենցավանի երեխաների համար անվճար դասեր է կազմակերպելու, հիպոթերապիայի կուրսեր։ Համայնքը բիզնեսում իր մասնաբաժինը կունենա՝ էներգետիկ ներդրմամբ։ Ժամանցային կենտրոնն այցելությունների շնորհիվ կաշխուժացնի ոչ միայն զբոսաշրջային Արզական-Բջնին, այլև՝ մոտակա Քարաշամբ, Թեղենիկ, Ալափարս գյուղերը, որի բնակիչները մայիսից արդեն կզբաղվեն կենդանիների խնամքով։ Իսկ մինչև այդ՝ վազքուղու ու մյուս կառույցների շինարարությամբ։ Հին ոչինչ այստեղ չի մնալու։
Արսեն Խլղաթյան - Գոմը նախատեսվում ա հետևի մասում կառուցել՝ 10 ձիու համար նախատեսված։ 6-ն ունենք՝ հատուկ վարժեցված, անգլիական սորտեր են:
Կոտայքի այս ծրագրի պես՝ մինչև 20 հազար եվրո աջակցություն են ստացել տարբեր մարզերի 14 նախագիծ. խոշորացված համայնքների համար COVID-ի հետևանքները մեղմող գրանտների մրցույթն է ամփոփում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ՏԻՄ քաղաքականության վարչության պետը։
Աշոտ Գիլոյան (ՀՀ ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ) - Միայն Գեղարքունիքն ու Արարատը չեն մասնակցել, Արմավիրն էլ խոշորացված չունի․ 7 մարզից 15 համայնք հաղթել է՝ Սյունիքի սահմանամերձ համայնքները, Տավուշից՝ Նոյեմբերյան համայնքը, Լոռիից, Շիրակից՝ Ախուրյանը:
Ծրագրերը տարբեր են՝ Շիրակի Բասենում արևային կայան կտեղադրեն մանկապարտեզի տանիքին, Լոռի Բերդում կընդլայնեն գյուղտեխնիկայի պարկը, Սյունիքում կհիմնանորոգվի Մեղրիի Վանք-Կալեր կամուրջը, Տավուշ Նոյեմբերյանում էլ կավարտեն սուբվենցիոն ծրագրով սկսված շուկայի շինարարությունը։
Աշոտ Գիլոյան - Հիմա էս երրորդ ծրագրով իրանք ավարտում են, ու մեր գյուղացիները կվաճառեն ավելի քաղաքակիրթ ձևով, նաև կրպակներ են լինելու՝ կոշկակարի, դերձակի:
Բոլոր փաթեթները միասին՝ բաշխվել է գերմանական GIZ-ի ու Շվեյցարիայի Զարգացման գործակալության հատկացրած մոտ 350 հազար եվրո գումար։ Դրամաշնորհի այս ծրագիրն առաջիկայում երկրորդ փուլ կունենա։ Պայմանը հետևյալն է՝ տնտեսապես հետաքրքիր գաղափար ու տեղում 20 տոկոս համաֆինանսավորում։