Ճգնաժամերն արագ հաղթահարելու, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց ճիշտ ուղղորդելու համար ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարությունը նախաձեռնել է «Երևան քաղաքի» ու «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ անելու համար հանրային քննարկում:
Փորձը ցույց տվեց, որ պատերազմի օրերին այն համայնքները, որոնք ունեին սոցիալական աշխատողներ, բավական արագ արձագանքեցին ու տեղահանված անձանց համակարգված աջակցություն տրամադրեցին: Փոփոխությամբ առաջարկում են բոլոր համայնքներում սոցիալական աշխատողների հաստիք ունենալ:
Աննա Ժամակոչյան (ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Այսօրվա «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ունենք դրույթ՝ 5000 ավել բնակչություն ունեցող բոլոր համայնքները սոցիալական աշխատողի առնվազն մեկ հաստիք ունեն, պարզապես այս նախաձեռնությամբ ցանկանում ենք բազմապատկել այդ հաստիքները:
89 համայնքում այժմ ավելի քան 90 սոցիալական աշխատող կա: Նախարարությունում նպատակ ունեն այդ թիվը բազմապատկել. ճգնաժամում հայտնված մարդկանց առաջին ձեռք մեկնողը հենց այդ մասնագետը պետք է լինի, ասում է փոխնախարարը: Սոցաշխատողների վերապատրաստման հարցում Հայաստանին ֆինանսապես աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Կառույցի հայաստանյան ղեկավարի խոսքով՝ համայնքների զարգացման գործում այս մասնագետները մեծ ներդրում ունեն:
Ջոն Ալելո (ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության ղեկավար) - 4 տարի շարունակ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություն» ծրագրով Հայաստանում փորձել ենք զարգացնել սոցիալական աշխատողների դերը: Երբ աշխատանքը սկսեցինք, 3 միլիոն բնակչության համար Հայաստանում կար ընդամենը 8 սոցիալական աշխատող: Արդյունավետ աշխատանքի արդյունքում այսօր 87 համայնքներում ունենք 91 սոցիակական աշխատող:
Սոցաշխատողների բացը վերջին տարիներին նկատվել է հատկապես մայրաքաղաքում: Քաղաքապետարանի երկու բաժինների միավորման արդյունքում խնդիրն այս տարի շտկել են:
Մասնագետներն առողջապահության և սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցներն են՝ վերապատրաստվել են, հմտություններ ձեռք բերել: Նրանք այսուհետ կփորձեն քաղաքացիներին թիրախային աջակցություն տրամադրել:
Հանրային քննարկումից հետո օրենքների փոփոխությունների փաթեթն առաջիկայում գործադիրի օրակարգում կլինի: