ԱՄՆ-Ը ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ JAVELIN ՀՐԹԻՌՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համակարգերի վաճառքի առաջարկին, հայտնել է Անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության գործակալությունը:
Վրաստանի կառավարությունը ներկայացրել էր Javelin հակատանկային համակարգի 82 հրթիռի և 46 արձակման սարքի գնման հայտ: Գործարքի մոտավոր արժեքը գնահատվում է 30 մլն դոլար:
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Միացյալ Նահանգները պատրաստ է վերադառնալ Իրանի միջուկային գործարքի վերականգնման հարցի շուրջ բանակցությունների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ ընդգծելով, որ իրանական կողմը պետք է ընդունի համապատասխան որոշում, թե ինչ ուղիով է ցանկանում գնալ: «Գնդակն Իրանի դաշտում է»,- նշել է նա:
Փրայսի խոսքով՝ Միացյալ Նահանգներն այս հարցի վերաբերյալ խորհրդակցություններ է իրականացնում նաև վեցյակի մյուս անդամների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի:
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանը մտադիր է վերադառնալ բանակցություններին միայն երկրի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալությունից հետո՝ օգոստոսին:
ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ադրբեջանում անտառային հրդեհներ են: Անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառտնտեսության տարածքում: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությունը:
Հաղորդվում է, որ առայժմ չի հաջողվել տեղայնացնել նաև Յարդիմլիի շրջանում օգոստոսի 2-ին բռնկված հրդեհը:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մեծ թվով ուժեր, այդ թվում՝ 130 հրշեջ, արտակարգ իրավիճակների ծառայության ստորաբաժանումներ, տեղի բնակիչներ և մեկ ուղղաթիռ:
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՎԵՐՋԻՆ 30 ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՇՈԳ ԵՂԱՆԱԿԸ
Անտառային հրդեհները հասել են Հունաստանի մայրաքաղաք Աթենքի հյուսիսային շրջաններ: Հազարավոր բնակիչներ հեռացել են իրենց տներից:
Հունաստանի վարչապետ Կիրիակիս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը նման տապի ականատես չի եղել ավելի քան 30 տարի: Ուժգին քամու պատճառով Աթենքի երկնակամարը ծածկվել է ծխի հաստ շերտով, ինչը քաղաքացիներին ստիպել է տարհանվել:
Նշվում է, որ կրակի օջախները վերահսկողության տակ վերցնելու համար տևական ժամանակ կպահանջվի, քանի որ չոր եղանակն ու քամիները չեն նպաստում դրան:
Հունաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը եղել է 45 աստիճան ըստ Ցելսիուսի: Ակնկալվում է, որ այն դեռ կբարձրանա:
ԽՈՇՈՐ ՃՏՊ ՄԱԼԻՈՒՄ. ՄԱՀԱՑԵԼ Է 41 ՄԱՐԴ
Մալիում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է գրանցվել, որի հետևանքով մահացել է 41 մարդ:
Ապրանքներ և աշխատավորներ փոխադրող բեռնատարը բախվել է ուղևորատար ավտոբուսի՝ տեղեկացնում են Մալիի Տրանսպորտի նախարարությունից:
Բեռնատարի անվադողի պայթյունի պատճառով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, որից հետո բեռնատարն ընթացել է ավտոբուսի ուղղությամբ:
Ավտովթարի հետևանքով տուժել է 33 մարդ: