Հայաստանի շուրջ բավականին լարված իրավիճակ է. բարձրագույն սպայական կազմին ու ՊՆ աշխատակազմին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ապօրինի կերպով հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս ընթացքում բազմիցս քննադատություններ են հնչել, թե ինչու Հայաստանի զինված ուժերը միջոցներ չեն ձեռնարկում՝ այդ իրադրությունը հաղթահարելու համար: Ուզում եմ արձանագրել՝ մեր դիրքորոշումն ի սկզբանե եղել է հետևյալը՝ քանի դեռ կա հնարավորություն իրադրությունը լուծել դիվանագիտական, քաղաքական ճանապարհով, մենք գնալու ենք այդ ճանապարհով: Եվ քանի դեռ տեսնում ենք նման հնարավորություն, պրոցեսները պիտի տանենք հենց այդ ճանապարհով:
Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, փորձում է տպավորություն ստեղծել, թե տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ստեղծել է օրակարգ, որը պարտադրում է, բայց իրականությունն այլ է՝ Հայաստանն ունի իր օրակարգը. արձանագրել է երկրի ղեկավարը՝ վերահաստատելով, որ Հայաստանը շարունակում է մնալ իր միջազգային պարտավորությունների շրջանակում:
Նիկոլ Փաշինյան - Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար: Նկատի ունեմ, մասնավորապես՝ միջանցքի մասին խոսակցությունները: Բոլորը պետք է իմանան, որ ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել: Եվ ՀՀ-ն ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ:
Վարչապետը հերքել է հայաստանյան քաղաքական դաշտի շահարկումները, թե գաղտնի որևէ պայմանավորվածություն կա Ադրբեջանի հետ: Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններից զատ, այլ պայմանավորվածություն գոյություն չունի:
Նիկոլ Փաշինյան - Այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել հունվարի 11-ի հայտարարության տեքստի վրա: Այնտեղ շատ հստակ գրված է, որ պետք է քննարկվեն և պայմանավորվածություններ ձեռք բերվեն մաքսային, սահմանապահ, սանիտարական, ֆիտոսանիտարական հսկողության վերաբերյալ: Այսինքն՝ կա հստակ արձանագրում, որ ինչպես ընդունված է տրամաբանորեն և ինչպես տեղի է ունենում, Հայաստանի տարածքը՝ որպես տարանցիկ ուղի օգտագործելու պարագայում, ինչպես մնացած բոլոր դեպքերում է, այդ հատումը պետք է տեղի ունենա այդ կանոններով, ինչպես են, օրինակ, այսօր հատում Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները:
Փաշինյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը վիժեցնում է տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը, քանի որ գրեթե 30 տարի հակառակորդի քաղաքականությունը միտված է եղել Հայաստանի շրջափակմանը:
Նիկոլ Փաշինյան - Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հանրապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա:
Սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի թեման Հայաստանի օրակարգում է, բայց ոչ Հայաստանի տարածքում ադրբեջանական զորքերի ներկայության պայմաններում: Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության դիրքորոշումներին:
Նիկոլ Փաշինյան - Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես ապրիլի 13-ի հայտարարությամբ, արձանագրել են կարգավորման անհրաժեշտությունը կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այսինքն՝ ինչի՞ համար եմ սա ասում, որպեսզի հստակ արձանագրենք, որ միջազգային հանրությունն ինքն է արձանագրում կոնֆլիկտի լուծման անհրաժեշտությունը, հետևաբար արձանագրում է կոնֆլիկտի գոյությունը:
Կառավարության ղեկավարը կարևորել է Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների գործընթացը՝ շեշտելով, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեծ պատասխանատվության տակ է:
Նիկոլ Փաշինյան - Պետք է կրենք այդ պատասխանատվությունը: Փաստն այն է, որ ճակատագիրը հենց մեր վրա է դրել այս օրակարգն առաջադրել, և մենք մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից:
Հայաստանը կողմ է խաղաղությանը, վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը, բայց ցավով արձանագրել է, որ խաղաղությունը միայն մեզնից չէ կախված: