Հանրային հեռուստաընկերությունն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամը սկսում են «100 տուն Արցախում» ծրագիրը: Այն իրագործվում է Արցախի Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում: Կառուցվելիք թաղամասում ապրելու են տեղահանված ընտանիքներ:
Նոր թաղամասի առաջին բնակելին կկառուցվի Հանրայինի ֆինանսավորմամբ: Տան հիմքերը լցնում են Առաջին ալիքի հաղորդավարներն ու լրագրողները: «Լուրերի» մեկնաբան Անի Զաքարյանն այստեղ է՝ Արցախը կրկին շեն տեսնելու ուխտով:
Անի Զաքարյան (հեռուստամեկնաբան) - Եկել ենք Արցախը կրկին վերականգնելու, է՛լ ավելի ուժեղ տեսնելու միտումով: Ուզում ենք, որ Արցախը վերակառուցվի, ավելի հզոր դառնա, և երևի բոլորիս սրտի խորքում այդ մասնիկն է, որ այսօր բերել-հասցրել է մեզ այստեղ:
Թաղամասի ճանապարհներն ու բնակելիների հիմքերը կառուցվում են Արցախի կառավարության պատվերով: Նոր բնակավայրում նաև հասարակական նշանակության շենքեր են նախատեսված:
Վլադիմիր Պետրոսյան (նախագծող կազմակերպության տնօրեն) - Թաղամասը կունենա 100 տուն՝ 3 և 4 սենյականոց, կից լինելու են հողամասեր՝ մշակման համար, իսկ հասարակական շենքերից լինելու են դպրոց, մանկապարտեզ, զբոսայգի և այլ ենթակառուցվածքներ:
Հետագա կառուցապատման համար Առաջին ալիքն ակնկալում է գործընկեր կազմակերպությունների և ամբողջ հայության մասնակցությունը:
Հովհաննես Մովսիսյան (Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն) - Պարտադիր չէ միայն գումարի փոխանցումը, իհարկե շատ կարևոր է նաև ֆինանսների հավաքումը, որովհետև դրանից է կախված, թե քանի տուն կկառուցվի, բայց մենք մեզ համար ֆիքսել ենք 100 տունն այս տարածքում, 100 տան կառուցումը՝ մի նոր բնակավայր տեղահանված, տունը կորցրած արցախցիների համար:
Կառուցվելիք առաջին տանն ապրելու է Թաղավարդից տեղահանված Ղազարյանների ընտանիքը: Առայժմ վարձով են ապրում:
Նունե Ղազարյան (տեղահանված) - Երեք երեխայի հետ վարձով հնարավոր չէ ապրել: Ուզում ենք մեր անկյունը լինի, որպեսզի կարողանանք ապրել:
«100 տուն Արցախում» հեռուստանախագիծը վարող դերասան Սոս Ջանիբեկյանը հասցրել է ծանոթանալ Դահրավ գյուղին ու նրա բնակիչներին: Հավատացնում է՝ համայնքը պատրաստ է հյուրընկալել վերաբնակներին, միայն թե պետք է կառուցել արագ տեմպերով:
Սոս Ջանիբեկյան (դերասան)- Հարցազրույցների ընթացքում, դե, մարդ են, բոլորին կարելի է հարցնել՝ երբ որ տունը կորցրիք, դրանից հետո ձեր մտքում ծագե՞լ է Հայաստանից հեռանալ, բոլորի մոտ նույն պատասխանն է՝ ո՛չ, մենք ուզում ենք մնալ մեր հողի վրա, Արցախի հողի վրա:
Ամեն տան կառուցման համար 10 մլն դրամ է պահանջվում՝ խոսքը արագ հավաքովի տների մասին է: Իսկ նվիրատվությունները կատարվում են «Ապրելու Արցախ» հիմնադրամի միջոցով: Հովհաննես Մովսիսյանը հուսով է, որ հեռուստադիտողները ոչ միայն կդիտեն, այլև կմասնակցեն նախագծին:
Հովհաննես Մովսիսյան- Հանրայինը սա անում է ոչ թե որպես փիար գործիք, սա դրա համար նախատեսված չէ: Սա նախագիծ է, որում շատ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը, և պետք չի լինել միայն հեռուստադիտող, այլ պետք է մասնակցել նախագծին:
Նախագծին կմասնակցի Առաջին ալիքի մեծ թիմը: Պարբերաբար կգան և կօգնեն շինարարներին: