Խաղողի վազերն անհամեմատ մեծացել են հայ գիտաշխատողների ստեղծած օրգանական պարարտանյութի շնորհիվ: Նորաշենցի ֆերմերն առաջին անգամը չէ, որ լուծույթն այգում փորձարկում է: Արդյունքից գոհ է:
Հրաչյա Խաչատրյան (ֆերմեր) - Խոշորացնում ա, արդյունքից գոհ եմ:
Բերքահավաքին դեռ ժամանակ կա, ողկույզն էլի կմեծանա: Փորձարկումներից հասկացել են՝ պարարտանյութը բարձրացնում է սերմի ծլունակությունը, ավելացնում բերքն ու ապրանքային տեսք տալիս: Պարարտանյութը օրգանական է, անվտանգ է նաև շրջակա միջավայրի ազդեցության տեսանկյունից:
Լուծույթը մշակել են հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոնի այս լաբորատորիայում: Գիտնականները պետության ֆինանսավորմամբ են գործի անցել: 24 մլն Գիտության կոմիտեն է տրամադրել, ևս 6-ը՝ համաֆինանսավորող կողմը՝ Արաբական Միացյալ Էմիրություններից:
Ջրալույծ համալիր պարարտանյութը սերմերի ախտահանման, արմատային սնուցման, իսկ թփակալման փուլում նաև՝ արտարմատային եղանակով են կիրառել: Փորձարկել խաղողի այգիներում, հացահատիկային, բանջարեղենային մշակաբույսերի դաշտերում:
Պարարտանյութն առայժմ փորձարկել են անջրդի դաշտերում: Եթե ջրի խնդիր չլինի, բերքի քանակը մի քանի անգամ շատ կլինի: Օրգանահանքային բաղադրությամբ նյութը ստանալիս հաշվի են առել հողերի առանձնահատկությունը: Ապացուցել, որ տնտեսական արդյունաբերության տեսանկյունից սա գերազանցում է հանքային պարարտանյութերի արդյունավետությունը:
Գայանե Գասպարյան (Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն մասնաճյուղի տնօրեն) - Ինքնարժեքը, ըստ հաշվարկների, բարձր չէ՝ համեմատած շուկայում գործող այլ նյութերի, մյուս տեսանկյունից էլ կարևորն այն է, որ արտարմատային սնուցման ձևով նյութը օգտագործելիս ոչ միայն չի վատանում հողի որակը, այլև հակառակը՝ բարելավվում է, բերքատվությունը բարձրանում է, բույսի որակական հատկությունները նույնպես լավանում են:
1 հա համար 2.5 կգ է նախատեսված, սերմերի ախտահանմամբ կիրառելու դեպքում՝ մինչև 1.8 կգ: Փորձերի բնույթը գրեթե արտադրական է եղել, մինչև 5 հա տարածքում են փորձարկումներ արել, 50 ֆերմերային տնտեսությունում:
Սերգեյ Երիցյան (առաջատար գիտաշխատող) - Պարարտանյութը շուտով ներկայացնելու են օրգանական գյուղատնտեսության սերտիֆիկացման մարմին, որ թույլտվություն ստանան կիրառելու օրգանական գյուղատնտեսությունում:
Ծրագրի վերջնաժամկետին 1 տարի է մնացել: Դրանից հետո պատրաստվում են արտադրական փուլ անցնել: Օրգանական պարարտանյութը կառաջարկեն գյուղացիական տնտեսություններին ու ֆերմերներին: