Ռոմելլա Աբովյան (ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - ՀՀ-ում շրջանառվում է նաև «դելտա» շտամը: Նմուշները վերցվել են պատահականության սկզբունքով՝ ընտրանքային, որպեսզի լինեն ավելի ներկայացուցչական, և վերցվել են մի քանի խումբ անձանցից՝ կորոնավիրուսով պացիենտներից, կրկնավարակներից և նմուշներ էին վերցվել օդային սահմանային անցակետով մուտք գործած անձանցից:
Օդային սահմանով մուտք գործած և նմուշառված 4 անձից 4-ի, կորոնավիրուսային ախտորոշմամբ 18 պացիենտից 17-ի մոտ հայտնաբերվել է «դելտա» շտամ:
Ռոմելլա Աբովյան - Վերջինս՝ ի տարբերություն սկզբնաղբյուր շտամի, այսինքն՝ չինական և բրիտանական շտամների, երկու անգամ ավելի շատ է տարածվում: Եթե բրիտանականի դեպքում մեկ անձ կարող է վարակել 4 հոգու, ապա «դելտայի» դեպքում մեկ անձ վարակում է 6 անձի:
«Դելտա» շտամով վարակվածների մոտ հիվանդության կլինիկական ընթացքն ուղղորդվում է կոկորդի ցավով, գլխացավով, քթից արտահոսքով: ԱՀԿ-ն շտամների դասակարգում է իրականացնում՝ բաժանելով անհանգստություն և հետաքրքրություն առաջացնողների: Անհանգստություն առաջացնող շտամները հինգն են: Հայաստանում արդեն իսկ հայտնաբերվել են դրանցից 2-ը:
Ռոմելլա Աբովյան - Պատվաստանյութերն արդյունավետ են բոլոր շտամերի դեմ, ԱՀԿ-ն հորդորում է՝ անկախ պատվաստման կարգավիճակից՝ պահպանել անվտանգության կանոնները, քանի որ բոլոր պատվաստանյութերի հիմնական նպատակը ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերի 100 տոկոս կանխումն է:
Իսկ ընդհանուր առմամբ մեր երկրում համաճարակային իրավիճակը լարված է: Վերջին 14 օրում նոր դեպքերն աճել են 55 տոկոսով:
Ռոմելլա Աբովյան - Այս պահին քննարկվում է նախագիծ, պարտադիր պահանջ սահմանող նախարարի հրամանը: Սանիտարական նորմերը փոփոխվել են, և այնտեղ ներառվել է պահանջ, որ բոլոր կազմակերպությունները, պետական կառավարման մարմինները, անկախ կազմաիրավական ձևից, բոլոր աշխատակիցները պետք է պատվաստվեն կամ 14 օրը մեկ պետք է հաձնեն ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին:
Դրական թեստերի տեսակարար կշիռը նախորդ 14 օրերի համեմատ նույնպես աճել է. 2.9 տոկոսի փոխարեն այս պահին 3.7 է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 14 օրվա հաշվարկով 1.1 է: Կանխատեսումներով՝ առաջիկա 7 օրում կունենանք 1740 նոր դեպք: Եթե մեկուկես ամիս առաջ Հայաստանը Եվրամիության չափանիշներով կանաչ գոտում էր, այսօր մեր երկիրը կարմրի սահմանագծին է:
Ռոմելլա Աբովյան - Ըստ Եվրամիության չափանիշների՝ դրական թեստերի տեսակարար կշիռը պետք է լինի ոչ ավելի, քան 4 տոկոս, մենք արդեն 3.7 տոկոսի ենք հասել:
Կտրուկ սահմանափակումների անհրաժեշտություն այս պահին չկա, բայց չի բացառվում, որ կլինի, եթե կրկնվի նախորդ տարվա հոկտեմբերի իրավիճակը: