Կոտայքի մարզի իր բնակարանում հարձակման ենթարկված Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծանր: Այսօր կեսօրին նրան Աբովյանի բուժկենտրոնից տեղափոխել են Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Աբովյանում իրականացվել էր կրծքավանդակի և որովայնի վիրահատություն, այս պահին նրան միացված է արհեստական շնչառության սարք:
Արման Անտոնյանի ընտանիքի 52 տարվա հարևանն է՝ տիկին Ազնիվը, դուռ դռան վրա են ապրում Նոր Արտամետում: Նշում է՝ ոչ հարևանների հետ, ոչ ընտանիքի ներսում բարձր ձայն անգամ երբևէ չեն լսել:
Ազնիվ Ստեփանյան - Հոյակապ ընտանիք է: Արմանը գալիս էր Երևանից, միշտ հարցնում էր՝ տատի ջան, ո՞նց ես:
Օգոստոսի 1-ին՝ ժամը 1-ի սահմաններում, այս տանն է դիմակավոր 2 անձանց կողմից հարձակման ենթարկվել Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, արյան հետքերը դեռ կան: Ձայներ տիկին Ազնիվը չի լսել, տանը քնած են եղել բոլորը, արթնացել են դռան ուժեղ թակոցից: Ասում է՝ հավանաբար Արմանի հայրն է օգնության համար դիմել:
Արյան հետքն են տեսել իրենց տան պատին, աստիճաններին, գնացել Արմանենց տուն: Հարձակումից տուժել էր նաև Արման Անտոնյանի հայրը՝ 87-ամյա Ազատ Անտոնյանը:
Իրավապահների տեղեկություններով՝ դանակի մոտ 11 հարված է ստացել Արման Անտոնյանը, իսկ հայրը՝ գանգուղեղի հատվածում է վնասվածք ստացել: Առաջին անհրաժեշտ բուժօգնությունն ստանալուց հետո Աբովյանի ԲԿ-ից հայրը դուրս է գրվել: Արմանին կրծքավանդակի և որովայնի շտապ վիրահատություններ են կատարել: Արդեն այսօր՝ կեսօրին, նրան տեղափոխեցին Միքայելյան համալսարանական հիվանդանոց: Այնտեղ նկարահանմանը դեմ էին հարազատները: ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից «Լուրերը» տեղեկացավ՝ Արման Անտոնյանի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրան միացված է արհեստական շնչառության սարք:
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արման Գալջյանը, որն առաջինն էր համացանցում տեղեկությունը տարածել, նշում է՝ Անտոնյանն ավագանու ակտիվ անդամ էր, ուշադրության կենտրոնում էլ՝ սպորտը:
Արման Գալջյան, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար - Ակտիվ զբաղվում է սպորտին վերաբերող խնդիրներով, բազմաթիվ նախագծեր է բերել ու պատրաստվում է բերել:
Արման Անտոնյանը նաև «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» ՀԿ նախագահն է: Ավագանու վերջին՝ արտահերթ նիստի ժամանակ էլ հեծանվասպորտին վերաբերող իր նախագիծն է ընդունվել, ըստ որի Երևանի համայնքային սպորտային 2 կազմակերպություն միանալու են, ստեղծվելու է նոր ընդհանուր ՀՕԱԿ: Այսինքն՝ ավագանին հիմնադրել է Երևանի հեծանվասպորտի մարզադպրոց, ինչը ենթադրում է, որ Yerevan Velodrome կազմակերպությունը կարող է զրկվել բյուջեով ամեն տարի իրենց հատկացվող մոտ 50 միլիոն դրամից։
Ֆեյսբուքյան իր էջում տարածած հաղորդագրության մեջ Գալջյանը գրել էր՝ «Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ»: Թե կոնկրետ ինչ կապի մասին է խոսքը, «Լուրերի» հետ զրույցում չմանրամասնեց:
Արման Գալջյան - Կոնկրետ բան չեմ ուզում ասել, որ չխանգարեմ նախաքննությանը: Անուններ տալ չեմ ուզում՝ անմեղության կանխավարկած չխախտելու համար:
Որպես կասկածյալ՝ ներգրավված անձ դեռ չկա: Հարուցվել է քրեական գործ միանգամից մի քանի քրեական հոդվածներով՝ բնակարան ապօրինի մուտք գործել, ծեծ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձ։ Տանից ոչինչ չեն գողացել: