Եթե երկու պտուղ կպած է իրար, հնարավոր է՝ պտղակեր որդը վնասած լինի:
Բուժումներից բացի, նորաշենցի այգեգործը պտղակերի դեմ պայքարում է նաև՝ վարակված խնձորները ծառերից պոկելով: Դրանք կարող են թրթուրները միմյանց փոխանցել՝ հատկապես եթե փնջով են: Խոշոր և շուկայում մրցունակ խնձոր ստանալու համար այգեգործը չի խնայում նույնիսկ առողջ պտուղները: Դրանք ևս քաղում-թափում է:
Մարատ Հովհաննիսյան (այգեգործ) - Շատ խիտ է, բերքը շատ է, եթե հասունանա, մանր կմնա, եթե պոկենք՝ կխոշորանա, լավ է՝ հինգ խոշոր խնձոր լինի, քան 8-10, բայց՝ մանր:
Այգուց դուրս չի գալիս: Իր խոսքով՝ ծառերի սանիտարական մաքրում է անում, որ մի քանի օրից, երբ բերքը շուկա հանի, ապրանքային բարձր արժեք ունենա: Հույս ունի, որ 1000 քմ այգուց 4-5 տ խնձոր կստանա: Ասում է՝ այն տարիներից է, երբ խնձորի բերքատվությունը բարձր է:
Մարատ Հովհաննիսյան - Խնձորը բերքատվության պարբերականություն ունի. եթե մի տարի լավ բերք տվեց, հնարավոր է՝ մյուս տարի դրա կեսը տա կամ ավելի քիչ:
Դեղձի այգին ևս հատուկ մշակման է ենթարկում: Փնջից թողնում է 1-2 դեղձ, մնացածը, նույնիսկ՝ առողջ, քաղում-թափում է: Որպեսզի դեղձը և՛ համեղ լինի, և՛ առողջ ու գեղեցիկ, աշխատում է զերծ մնալ ազոտական պարարտանյութերից: Մտավախությունը, թե՝ օրգանիկ պարարտանյութը, որով փորձարկել է ծառերը, կազդի բարձր բերքատվության վրա, չիրականացավ: Դեղձենիներն այնքան են ծանրաբեռնվել, որ այգեգործը հիմա էլ միջոցներ է ձեռնարկում ծառերը փրկելու համար:
Նորաշենցի այգեգործներին խեղճացնում է ոռոգման խնդիրը: Ջուրը դժվարությամբ են հասցնում ծառերին: Մինչև հողաշեն առուներով հասնում է իրենց, ճանապարհին կիսով չափ կորչում է: Թե ե՛րբ հողային առուները կփոխարինեն կիսախողովակաշարով, սպասում են: Կաթիլային համակարգը ևս տարբերակ է, բայց հին այգիների դեպքում արդարացված չէ. արմատային հզոր համակարգ ունեցող ծառերի ծարավը կաթիլ-կաթիլ չես հագեցնի:
Հրաչիկ Խաչատրյան (այգեգործ) - Նոր տունկը դնենք, բայց հին այգիները պետք է քանդենք, որ սիստեմ անցկացնենք:
Եթե ոռոգման խնդիրը լուծվի, նորաշենցի այգեգործները կընդլայնեն մշակովի տարածքները, նոր այգիներ կհիմնեն, նոր պտղատեսակներ կաճեցնեն: Մարատն արդեն արքայանարինջը տեղափոխել է Արարատյան դաշտ. երկու ծառն էլ առատ բերք է տվել: