Եթե նախկինում պետք էր թղթային դիմումը փոստով ուղարկել առաջին ատյանի դատարան, ապա՝ դատարանի կազմած ակտը կրկին թղթով ուղարկել պարտք ունեցող քաղաքացուն, հիմա այդ ամենն օնլայն է՝ մի քանի կոճակ սեղմելով:
Պետք է մտնել նույնականացման քարտի բջջային նույնականացմամբ և համակարգն արդեն կճանաչի ձեզ, կմուտքագրի տվյալները: Յուրաքանչյուրն ունի իր անձնական էջը, բոլոր դիմումների պատուհանները:
Տիգրան Դադունց (ԱՆ «Օրենսդրական զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն) - Վճարման կարգադրությունների վարույթը գումարի բռնագանձումների ներկայացման համար ամենահեշտ ամենաօպտիմալ տարբերակն է, այս համակարգի շնորհիվ ամբողջ գործընթացը, սկսած դիմումների ներկայացումից, ծանուցումներ, դատական ակտի ներկայացում, թվայնացվել և էլեկտրոնային է դարձել:
Համակարգը քաղաքացիների ու դատարանների համար հասանելի է մեր երկրի տարածքում: Համակարգը մշակել են Միացյալ Նահանգների միջազգային ծրագրի շրջանակում, դատարաններն էլ երկար փորձարկել, թեստավորել են ԲԴԽ-ի աջակցությամբ:
Մարիամ Գալստյան (ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ) - Անձը պետք է պահպանի իրեն տրված գաղտնաբառը և հետևի ընթացքին: Համակարգը հետադարձ կապի հնարավորություն տալիս է: Գլխավոր դատախազությունը անձանց կտեղեկացնի, թե ինչ ընթացք է տրվել:
«Լավագույն մեթոդը անձին պաշտպանելու և կոռուպցիոն խնդիրը բացահայտելու՝ անանուն կերպով ազդարարելն է». հենց այս սկզբունքով www.azdararir.am միասնական հարթակում կարելի է, այսպես ասած, օնլայն ազդակ ուղարկել՝ բացահայտելու կոռուպցիոն հանցագործությունը:
Ձեր հայտը կտեսնի միայն գլխավոր Դատախազությունը: Գործին ընթացք տալ կորոշի արդեն Դատախազությունը: 200-ից ավելի հաղորդում ստացել են, հաղորդումների 60 տոկոսը օպերատիվ հետախուզական մարմինների կողմից ստուգվել է: 30 տոկոսի դեպքերով հարուցվել է քրգործ:
Եվ եթե որոշել եք, օրինակ՝ ամուսնանալ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը առաջին անգամ կարելի է ստանալ օնլայն:
Վահե Դանիելյան (Արդարադատության նախարարի տեղակալ) - Մենք էլեկտրոնային ապոստիլի հնարավորություն ենք ստեղծել, քաղաքացին էլեկտրոնային ապոսլտիլը ստանում է իր մեյլի վրա և կարող է օգտագործել ՀՀ-ից դուրս ցանկացած վայրում: Անհրաժեշտ է անձնագիրը նկարած կցել, որպեսզի քաղաքացուն իդենտիֆիկացնենք: Եվ այդ ծառայությունը հնարավոր է ստանալ: Մենք նպատակ ենք դրել բոլոր ծառայությունները թվայնացնելու, այդ ծառայությունները մատուցել մեկ հարթակի միջոցով, որտեղ ոչ միայն արդարադատության նախարարության, այլև պետական գերատեսչությունների բոլոր ծառայությունները այդ հարթակով կմատուցվեն: Շուտով կայքը պատրաստ կլինի:
Ի դեպ, կարող են օգտվել նաև քաղաքացիները, որ երկրում չեն: Մոտ հազար հոգի արդեն օգտվել է ստորագրության իսկական լինելը հաստատող հատուկ դրոշմակնիքի՝ ապոստիլի ծառայությունից: