Իշխող խմբակցության ներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության՝ ԱԺ նախագահի ընտրության արդյունքները ՍԴ-ում վիճարկելուն, նշել է, որ կանոնակարգի խախտում տեղի չի ունեցել, իսկ սահմանադրականության հարցին կարող է պատասխանել միայն Բարձր դատարանը:
Այդ պատասխանին է սպասում «Հայաստան» խմբակցությունը: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ իրենք վստահ են՝ խախտվել է իրենց երկու պատգամավորի իրավունքները:
Արմեն Ռուստամյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը և համարել, որ այդ ընտրությունները նորմալ, հավասար մրցակցային պայմաններում են եղել: Եվ սա, բնականաբար, աննորմալ վիճակ է, և մենք այդ աննորմալ վիճակը փորձեցինք շտկել՝ ասելով, որ նաև սրա հիման վրա ձեր ընտրությունն է լինելու անօրինական, և իրականում այդպես էլ եղել է: Հիմա մենք ՍԴ-ից պահանջելու ենք այս պարզ հարցի պատասխանը:
Վլադիմիր Վարդանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Այն, որ անձը հնարավորություն չունի ելույթ ունենալու, դեռևս չի նշանակում, որ նրա ընտրվելու իրավունքը խախտված է, որովհետև դուք տեսաք, որ երեկ բոլոր առաջադրված թեկնածուների անունները ներառված էին քվեաթերթիկում, և, ըստ էության, իրենց իսկ առաջադրողները չեկան և չքվեարկեցին նրանց օգտին:
Մենք չենք կարող բոլոր պարագայում երաշխավորել պատգամավորի քվեարկելու իրավունքը, որովհետև պատգամավորը կարող է գտնվել գործուղման մեջ, երկրորդ՝ օրինակ՝ հարգելի պատճառով բացակայի: