Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:
109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ):
Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ է կատարել 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ. վերջին ցուցանիշն այս վարժության համար օլիմպիական ռեկորդ է:
Հրում վարժությունում Մարտիրոսյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ հրելով 228 կգ կշռող ծանրաձողը:
Այս քաշային կարգում երկամարտի 430 կգ (193 կգ + 237 կգ) արդյունքով չեմպիոն է դարձել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Դյուրաևը, իսկ բրոնզե մեդալի արժանացել է Արտուրս Պլեսնիեկսը (Լատվիա, 410 կգ):
Սա Տոկիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանի նվաճած երրորդ մեդալն է. այսօր արծաթե մեդալակիր է դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), իսկ օգոստոսի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը:
Բացի դրանից՝ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ այդպիսով ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։