Եվրամիությունը երեք հրշեջ օդանավ է ուղարկել Թուրքիա հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով՝ փոխանցում է Euronews-ը: Աղետի դեմ պայքարում օգնություն են ցուցաբերում նաև Ռուսաստանը, Ուկրաինան ու Ադրբեջանը:
Այս երկրում բռնկված անտառային հրդեհներն արդեն խլել են 8 մարդու կյանք: Թուրքիայում հրդեհները սկսվել են չորեքշաբթի և շարունակվում են առ այսօր: Կրակն այժմ սպառնում է Անթալիա, Բոդրում, Մարմարիս քաղաքներին, որտեղից տարհանվել են հարյուրավոր զբոսաշրջիկներ ու բնակիչներ:
Ճանապարհների արգելափակման պատճառով նավով տարհանվել է ավելի քան 1100 մարդ:
Թուրքիայի շուրջ 30 նահանգներում կրակի 129 օջախները մարվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ավելի քան 4000 հրշեջ:
Թուրքիայի իշխանությունների հավաստմամբ՝ այս հրդեհներն ամենաաղետաբերն են վերջին տասնամյակում: 2021-ի ընթացքում այրվել է մոտ 95 հազար հա տարածք: Մինչդեռ 2008-2020 թվականներին Թուրքիայում այրվել է 13.516 հա տարածք:
Թուրքիայում երկրի իշխանություններին մեղադրել են հրդեհաշիջման համար անհրաժեշտ միջոցներ չունենալու համար: