ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 29-30-ը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Այցի նպատակն էր վրաց գործընկերների հետ քննարկել առևտրատնտեսական ոլորտում հայ-վրացական երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Պատվիրակության կազմում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը: Հանդիպումներին մասնակցել է նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։
Այցի առաջին օրը` հուլիսի 29-ին, նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթելա Տուրնավայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Վրաստան տնտեսական համագործակցության ներկայիս իրավիճակը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:
«Մեր երկրներն առանձին, համեմատաբար փոքր շուկաներ ունեն, բայց միասին շատ ավելի գրավիչ կարող են դառնալ տարածաշրջանում։ Այս համատեքստում կարող ենք քննարկել մի շարք համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները ենթակառուցվածքների, զբոսաշրջության, երկաթուղու և էներգետիկայի ոլորտներում»,- նշել է Վահան Քերոբյանը։
Կողմերը խոսել են արագընթաց գնացքի գործարկման հնարավորության մասին, որը թույլ կտա Երևանից Թբիլիսի հասնել 2-3 ժամվա ընթացքում, ինչի արդյունքում կզարգանա նաև զբոսաշրջությունը։
Գործընկերներն անդրադարձել են երկու երկրների միջև գինեգործական զբոսաշրջության զարգացման հեռանկարներին։
Հանդիպման ավարտին Վահան Քերոբյանը հրավիրել է վրացի գործարարներին մասնակցություն ունենալ Հայաստանի ներդրումային նախագծերում։
Հուլիսի 29-ին Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։
Քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է եղել տնտեսական կապերի ամրապնդման, հարկային ու մաքսային ոլորտներում համագործակցության կարևորության հարցերին։
Կողմերը քննարկել են նաև Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրները։
Հուլիսի 30-ին հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել փոխվարչապետ, բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի հետ։
Վրացի գործընկերների հետ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության, Վրաստանի տարածքով տարանցիկ փոխադրումների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև անդրադարձ է եղել գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հնարավորություններին։
Տեղեկացնենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021 թ․ հունվար–մայիսին Հայաստանից Վրաստան արտահանումը կազմել է 24,5 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17%-ով (2020 թ. հունվար-մայիսին կազմել է 20,9 մլն ԱՄՆ դոլար): 2021 թ․ հունվար-մայիսին Վրաստանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 35,0 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38%-ով (2020 թ․ հունվար-մայիսին կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլար)։