Այսօր առավոտյան մեկնարկել է ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի:
Առաջին նիստը նախագահում է տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովը:
Նորընտիր խորհրդարանում երեք քաղաքական ուժ է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները: Ընդհանուր՝ 107 պատգամավոր, որոնք այսօր երդմամբ ստանձնեցին լիազորությունները:
Խորհրդարանը դեռ չի հասցրել բուն օրակարգային հարցերը քննարկել, քանի որ «Հայաստան» դաշինքը օրակարգից դուրս բարձրացրել է իրենց երկու պատգամավորի հարցը, որոնք մինչև լիազորությունները ստանձնելը, քրեական գործերի շրջանակներում, դատարանի որոշմամբ կալանավորվել են:
Օրակարգում ԱԺ նախագահի, տեղակալների ընտրության հարցերն են, պետք է ձևավորվեն մշտական հանձնաժողովներ ու ընտրվեն ղեկավարներ: