Արտաշես Գրիգորյան (Գառնիի բնակիչ) - Համայնքի ժողովուրդը պատրաստ է մատաղ անելու, որ իրանց ոտքի տակը մաքրազարդվում է, չէ՞ որ սա Գառնի-Գեղարդ մայրուղին է:
Նաև հարևան Գողթի բնակիչներն են այս կարծիքին, հավաստիացնում է գառնեցի Արտաշես Գրիգորյանն ու նշում՝ շատ է տեսել, որ Հայաստանի տուրիստական ամենաբանուկ ուղղություններից մեկի՝ Գառնիից Գեղարդի վանք տանող ճանապարհի վրա փոսալցումներ իրականացնեն, բայց որ ամբողջությամբ վերանորոգեն՝ երբեք:
Հրանտ Մինասյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ինժեներ) - Մեր ամենաբարդ ծրագրերից մեկն է, քանի որ մենք այստեղ միայն ասֆալտապատում չենք անում, իրականացվում են նաև այս հատվածով անցնող ամբողջ ջրահեռացման համակարգի հիմնանորոգում, նոր ջրահեռացման համակարգերի տեղադրում, տեղադրվելու է նաև նոր ջրատար, փոփոխվելու են նաև ճանապարհի մոտով անցնող գազատարների դիրքերը:
Համայնքների բնակիչները ժամանակին իրենց ջրահեռացման համակարգերն անցկացրել են ինչպես կարողացել են՝ վնասելով ճանապարհը: Հենապատերի համար խրամուղի փորելիս երևում է դրանց բազմազանությունը: Կառուցվող խմելու ջրագծի ընդհանուր երկարությունը 3100 մ է:
Մարզպետ Մելքոնյան (շինարարական կազմակերպության ինժեներ, շինաշխատանքների ղեկավար) - Հին կոմունիկացիաները, այստեղ գոյություն ունեցող ջրագծերը, հոսանքագծերը, հենասյուները, որոնք պիտի ապամոնտաժվեն, հետո՝ տուրիստական սեզոն է, ճանապարհն ամբողջությամբ փակել չի լինի, դրա համար այս երթևեկությունը դժվարեցնում է աշխատանքը, բայց հարմարվում ենք ու կատարում աշխատանքը:
Գառնի-Գողթ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածի վերանորոգման աշխատանքները սկսել են մեկ ամիս առաջ: Ծրագրի արժեքը 1մլրդ 159 մլն դրամ է՝ ամբողջությամբ պետբյուջեից։
Հրանտ Մինասյան - Իրականացվելու է երեք կամրջի վերանորոգում, ընդհանուր առմամբ կտեղադրենք մոտ 46 հազար քմ ասֆալտ, տեղադրվելու է 7000 քմ մակերեսով մայթ:
Ճանապարհի բոլոր առանձնահատկություններին ու բարդություններին տեղյակ է տեխնիկական հսկողության ներկայացուցիչը, շինաշխատանքներին հետևում է ամեն օր:
Գագիկ Պապյան (տեխնիկական հսկողության ներկայացուցիչ) - Ամեն օր ես առավոտից ներկա եմ աշխատանքներին, լինում են խորհրդակցության հարցեր, նախագծի քննարկման հարցեր, որակը իհարկե հսկվում է:
Մինչև ասֆալտապատումը իրականացվող աշխատանքներն ավելի բարդ են ու ժամանակատար, հատկապես նման երթևեկի պայմաններում՝ նշում են շինարարներն ու խոստանում, մինչև վերջնաժամկետը՝ նոյեմբերի 30-ը, ճանապարհը պատրաստ կլինի: