«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը: Սիմոնյանն իր ելույթում ասաց, որ ընտրվելու պարագայում իր առաջնային խնդիրներից է լինելու ապահովել Ազգային ժողովի՝ որպես պետության կարևորագույն ինստիտուտի անխափան գործունեությունը և արդյունավետությունը:
«Մենք աշխատանքի ենք անցնում Հայաստանի և ողջ հայության համար դժվարագույն ժամանակ, ինչը ենթադրում է ավելի մեծ պատասխանատվություն, քան երբևէ: Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներքաղաքական հարաբերություններում ունենք բազմաթիվ անհամաձայնություններ և տարաձայնություններ, բայց պետք է նաև աներկբա վերահաստատենք, որ ՀՀ-ում մենք թշնամիներ չունենք ու չենք կարող ունենալ: Ազգային ժողովը, գտնվելով քաղաքական գործընթացների առաջնագծում, մարդկանց համար հանդիսանում է ամենակարևոր չափորոշիչներից մեկը բոլոր առումներով: Ստացվել է այնպես, որ անկախ Ազգային ժողովի ունեցած իրավական գործիքակազմից ու գործառույթներից, մարդիկ իրենց սպասումներն առաջին հերթին կապում են հենց մեզ հետ, այս թիվ մեկ քաղաքական ամբիոնի հետ, և մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնելու»,-ասաց Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ թշնամանքը, ատելությունը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն խորհրդարանի շենքից ու առհասարակ առօրյայից: