Առաջիկայում կհայտարարվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության և տեխնիկական հսկողության մրցույթները: Կկառուցվի մոտ 60 կմ ճանապարհահատված, այդ թվում ՝ 4,7 կմ երկարությամբ կամուրջներ և 12, 5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ: Սյունիքի մարզի Բարգուշատ գյուղի մոտ կառուցվող թունելը կունենա 8,7 կմ երկարություն:
Ստեփան Մաչյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն) - Սա մեգանախագիծ է Հայաստանի համար: Ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Այն իր ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա, հնարավորություն կտա ներգրավելու նոր կարողություններ:
Նախագծով ճանապարհի կառուցման համար ժամկետ է նախատեսվել 3, մեծ թունելի շինարարության համար՝ 6 տարի: Հավանաբար, հենց այդքան կտևի ամբողջ ծրագրի իրականացումը: Ճանապարհի կառուցման մրցույթներն անցկացվելու են միջազգային ընթացակարգերով: Շինարարական աշխատանքները կսկսվեն 2022-ին:
Նարեկ Զուլալյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի պետ) - Մանրամասն նախագիծը պատրաստ է և ներկայացված է «Ճանապարհային դեպարտամենտին» դեռ 2018-ին: Նախապատրաստական աշխատանքներն ենք մեկնարկում մրցութային գործընթացների համար:
Քրիստինե Ղալեչյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Հյուսիս-հարավ կարևորագույն ռազմավարական ծրագրերից է, որը միտված է լինելու ապահովելու Հայաստանի տրանսպորտային համակարգի ինտեգրումը միջազգայինին:
Ծրագիրը կարևոր ազդեցություն կունենա Հայաստանի ճանապարհային ցանցի վրա, գնահատեց «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարը: Մոտ 60 կմ երկարությամբ նոր ճանապարհահատվածը նախագծային նոր լուծումներ է ունենալու:
Նարեկ Զուլալյան - Ճանապարհը կլինի Մ-2 գործող միջպետական ճանապարհին այլընտրանք: Միջպետականը գործող ներկայիս ճանապարհն է, որը գնում է Իրանի սահման՝ տեղ-տեղ անցնելով ադրբեջանական հատվածով: Սա կլինի բոլորովին նոր ծրագրով:
Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը, «Ճանապարհային դեպարտամենտի» ներկայացուցչի խոսքով՝ խոշոր ենթակառուցվածքային նախագիծ է, որի նպատակն է միավորել երկրի հարավը հյուսիսի հետ մոտ 550 կմ երկարությամբ Մեղրի - Երևան - Բավրա ճանապարհի միջոցով՝ համապատասխանելով միջազգային բարձր չափանիշների:
Կարեն Բադալյան («Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի Տրանշ 2 և 4 ծրագրերի ղեկավար) - Առաջին տրանշն արդեն ավարտվել է, 2-ն ու 3-ն ընթացքում են: Հիմա խոսում ենք Տրանշ 4-ի մասին, դիտարկելու ենք Սիսիան - Քաջարան հատվածը՝ 60 կմ երկարությամբ, իսկ Քաջարան - Ագարակ 32 կմ ճանապարհն ընթացքում է: Դա կֆինանսավորի Ռուսաստանի զարգացման հիմնադրամը:
Ծրագրի շնորհիվ երթևեկության համար ծախսվող 9-10-ը ժամը կկրճատվի գրեթե կիսով չափ:
Բադալյանի խոսքով՝ երթևեկը կդառնա ավելի հարմար ու անվտանգ: