Եվրոպայից Հարավային Կորեա ... Աշխարհի տարբեր ծայրերից 50 աշխարհահռչակ արվեստագետ դասական երաժշտության հնչյունները միավորում է՝ պատերազմից հետո Արցախին աջակցելու համար:
«Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան «Կանգնած ենք Արցախի կողքին՝ կառուցելով կիրթ ապագա» համերգների շարքով բարեգործական դրամահավաք է կազմակերպում:
Արմեն Մանասյան («Արտկոնցեպտ» միջազգային ասոցացիայի համահիմնադիր, գործադիր տնօրեն) - Ծրագիրը բարեգործական է, սակայն մենք իրականում դիտարկում ենք որպես ներդրում մեր հաջորդ սերնդի, նրանց կրթության, նրանց առաջխաղացման, մեր ապագայի համար: Մեզ համար շատ ուրախալի է, որ այս միջազգային համախմբումը տեղի է ունենում Stand With Artsakh հայկական ծրագրում հայ երեխաների համար:
Հայ երեխաներին ու Արցախին օգնելու համար միավորվել են նաև իտալացի հայտնի ֆլեյտահար Մասիմո Մերչելլին և «Գրեմմիի» մրցանակակիր, Ռուսաստանից դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը.
Դանիիլ Տրիֆոնով (Դաշնակահար, կոմպոզիտոր) - Որպես երաժիշտ՝ ես ընդդիմանում եմ ատելության որևէ դրսևորման քրիստոնեության բնօրրան Արցախում: Սկսված այս բռնությունը ողբերգական հիշեցում է նրա, թե ինչի կարող է հանգեցնել ատելությունը: Իմ աղոթքներն ու մտքերն այս հակամարտութան պատճառով անհիմն տառապածների հետ են:
Արմեն Մանասյան - Կան ստեղծագործություններ՝ հատուկ այս նախագծի համար գրված: Կան երաժիշտներ, խմբեր, որոնք իրենց ձայնագրություններն են տրամադրել, մասնավորապես նվագախմբերը տարբեր փառատոններից հատվածներ:
«Արտկոնցեպտի» թիմը վստահեցնում է՝ նաև նման միջոցառումներով է պետք բողոքի ձայն բարձրացնել Ադրբեջանի քաղաքականության դեմ. իրենք մշակույթի լեզուն են ընտրել:
Արսեն Բաբաջանյան (Կոմպոզիտոր, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցացիայի արտ-տնօրեն) - Շատ ցավալի էր, որ պատերազմի դադարից հետո Սփյուռքում բոլոր ակցիաները, հավաքները դադարեցին, կարծես թե խնդիրը լուծված է, մինչդեռ Արցախի խնդիրը մնում է չլուծված և գուցե նույնիսկ ավելի ակտուալ, քան նախկինում: Չէի ուզենա նախորդ 30 տարիների սխալը կրկնել, ապա զարմանալ տեղի ունեցող իրողությունների շուրջ:
Արդյունքում՝ Regeneration ծրագրով Արցախի Սոցապնախարարության հետ կընտրեն 10-12 հոգանոց երեխաների խմբերի, կօգնեն մասնագիտական կողմնորոշման համար: Շաբաթը 2 անգամ խորացված անգլերենի, ծրագրավորման և այլ դասեր կանցնեն: Կշրջեն նաև տարբեր ընկերություններով՝ մեկ օր ապրելով իրենց սիրելի մասնագիությամբ և ոչ միայն:
Հայկուհի Հայրապետյան (Regeneration կրթական ծրագրի ղեկավար) - Եթե ունենք ինչ-որ երեխա, որը, օրինակ՝ ունի կարիք որոշակի այլ հմտությունների «Գուգլի» կողմից կամ արտասահմանյան որակավորումների, հետագայում նպատակ ունենք նաև համալսարանական կրթության համար ստիպենդիաներ տրամադրել երեխաներին: Հաշվարկել ենք 30 եվրո ամեն երեխայի համար, ընդլայնված ծրագրի համար՝ 50 եվրո: Հետևաբար, ամեն 30-50 եվրո ավելացման դեպքում ծրագրին ավելանում է ևս մեկ երեխա:
Եվս 2 համերգ, ու օգոստոսի 4-ին դրամահավաքը կամփոփվի:
Ի դեպ, այսօրվա առցանց համերգին կատարումներով կմիանա հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը: