Արդեն մի քանի օր է Թուրքիային չի հաջողվում դուրս գալ հրդեհների ճիրանից: 35 նահանգ, հրդեհի 130 օջախ, 8 զոհ, 800-ից ավելի վիրավոր: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը Թվիթերում գրել է, որ ամբողջ ուժով պայքարում են հրդեհների դեմ: Թուրքիայի առաջնորդն էլ հնարավորությունը բաց չի թողնում հայտարարելու՝ իրավիճակը վերահսկողության տակ է: Ավելի համոզիչ երևալու համար Էրդողանն անգամ ուղղաթիռով պտտվել է աղետի գոտում: Իսկ Մարմարիսով շրջելիս և աղետի հետևանքներին ծանոթանալուց հետո՝ տուժածներին օգնելու յուրահատուկ տարբերակ է գտել՝ թեյի տուփեր շպրտելով մարդկանց:
Թուրքիայում, սակայն, ոչ բոլորն են համակարծիք Էրդողանի լավատեսությանը: ՏԻՄ ղեկավարները սոցիալական ցանցերում պարբերաբար կատարած հրապարակումներում ահազանգում են՝ հրդեհն աննախադեպ մասշտաբների է հասնում, ոմանք անգամ բացահայտ են բողոքում, որ հրդեհաշիջման նպատակով որևէ ուղղաթիռ կամ այլ օդային աջակցություն չեն ստանում։ Բողոքի ալիքը տարածվել է նաև բնակչության շրջանում:
«Մենք մեր տնից տեսնում ենք հրդեհները, ահազանգում ենք տարբեր գերատեսչություններ, բայց արձագանք չկա: Բոլորս էլ հասկանում ենք, որ ժամերի հարց է, հրդեհը շուտով մեզ է հասնելու: Ոչ ոք մեր մասին չի մտածում: Իսկ նախագահն ասում է ամեն բան լավ է լինելու»,- ասել է բնակիչներից մեկը:
Բազմաթիվ գյուղեր ու շրջաններ անվտանգության նկատառումներով արդեն իսկ տարհանվել են ու դեռ շարունակում են տարհանվել: Հարավային շրջաններում տարածվող հրդեհները հասել են առողջարանային քաղաքներին: Տարհանվել են մի շարք հյուրանոցներ, զբոսաշրջիկներին նավերով և մեքենաներով հեռացրել են վտանգավոր գոտնիներից:
«Մենք շատ անհանգիստ ենք, չգիտենք ինչպես վարվել: Բոլորն են անհանգիստ: Ոչ ոք չի արձագանքում, որ հասկանանք՝ ինչպես վարվել»,- ասել է գերմանացի զբոսաշրջիկներից մեկը:
Թե ինչու Թուրքիան հայտնվեց կրակի մեջ, արդեն մի քանի օր է փորձում են պարզել Թուրքիայի իրավապահները: Իշխանությունը դեռ օրեր առաջ՝ առանց փաստերի ու հիմնավորումների, առաջ քաշեց միտումնավոր հրկիզման վարկածը՝ սլաքներն ուղղելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության վրա: Այս ֆոնին երկրում սկսվեցին զանգվածային ձերբակալnւթյnւններ, հրդեհներ, արձանագրվեցին ինքնադատաստանի դեպքեր: Թիրախում Թուրքիայում ապրող քրդերն են:
Իրավիճակը սրվեց, երբ հայտնի դարձավ՝ Թուրքիայի Քոնիա քաղաքում գնդակահարել են յոթ հոգանոց քուրդ ընտանիքի: Սպանությունից ժամեր անց թուրքերը հավաքվել են հանցագործության վայրում՝ բացականչելով՝ «Մենք այստեղ ոչ մի քուրդ չենք թողնի»: Փորձագետները կարծում են՝ Անկարան իր հռետորաբանությամբ սադրում է հանցագործություններ, իսկ հետո պաշտպանում հանցագործներին: Մերձավոր Արևելքի փորձագետ Քարվան Ֆաիդհի Դրին Թվիթերում գրել է.
«Թուրքական իշխանությունները Քոնիայում 14 հոգու են ձերբակալել՝ քուրդ ընտանիքին սպանելու համար, մինչդեռ մարդասպանը՝ 33-ամյա Մեհմեթ Ալթունը, դեռ ազատության մեջ է: Ձերբակալված 14 անձինք շուտով ազատ կարձակվեն, քանի որ նրանց դեմ ապացույցներ չկան»:
Անտառային հրդեհների ֆոնին քրդերին թիրախավորելու մեկ այլ առիթ էլ դարձավ թուրքական Yeni Shafak, ապա նաև իշխանամետ այլ լրատվամիջոցների կողմից տարածվող այն լուրը, թե իբր Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ առնչություն ունեցող «Կրակի զավակներ» կազմակերպությունն ստանձնել է անտառային հրդեհների պատասխանատվությունը: Լուրն արագորեն տարածվեց թուրքական լրատվամիջոցներում, չնայած նրան, որ հրապարակման մեջ կազմակերպության մասին որևէ հղում կամ հավաստի ապացույց չկա, կցված են միայն լուսանկարներ: Պաշտոնական Անկարան դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Իշխանությունների կողմից քրդերի ակնհայտ թիրախավորման վրա ուշադրություն են հրավիրում նաև քրդական կուսակցությունները:
Ժողովուրդների միացյալ հեղափոխական շարժում - Թուրքական ֆաշիստական պետությունը ոչինչ չի խնայի իր իշխանությունը պահպանելու և գոյություն ունեցող կարգը հավերժացնելու համար: Նրանք կիրառում են ամեն տեսակի ստոր ֆաշիստական մեթոդներ և ցույց են տալիս, որ առանց վարանելու կիրականացնեն հիտլերյան իրենց պլանը:
Թուրքիայի շրջանների դեմոկրատական կուսակցություն - Այս ամենի հիմնական պատասխանատվությունը կրում է կառավարությունը, որը քարոզում է ատելություն՝ անտառային հրդեհների համար մեղադրելով մեր կուսակցությանը և քուրդ ժողովրդին: Այն կառավարությունը, որը փորձում է ահաբեկել քուրդ ժողովրդին, պետք է իմանա, որ քուրդ ժողովուրդը, որը գոյատևեց 90-ականների արհավիրքից հետո, երբեք չի կոտրվի ռասիստական հարձակումներից:
Ու չնայած Անկարայի չդադարող հավաստիացումներին, թե իրավիճակը երկրում հսկողության տակ է, Թուրքիան օգնություն է խնդրել ԵՄ-ից՝ արդեն վեցերորդ օրը շարունակվող անտառային հրդեհների դեմ պայքարում հաջողելու համար: Խորվաթիան և Իսպանիան արդեն հայտնել են աղետի գոտի հրշեջ ինքնաթիռներ ուղարկելու պատրաստակամության մասին: Մինչ այդ Թուրքիային օգնություն էին ուղարկել Իրանը, Ադրբեջանը, Ռուսաստանն ու Ուկրաինան, Թուրքիային աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Վրաստանի կառավարությունը։