Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանը մեկնարկեց Հայաստանի պետական օրհներգով և մեկ րոպե լռությամբ պատերազմի ընթացքում հայրենիքի համար զոհվածների հիշատակը հարգելով:
Գլխավոր բարձախոսի մոտ տարիքով ավագ պատգամավորն էր՝ 76-ամյա, ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը, ներկա էին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Հայաստանի հոգևոր առաջնորդն ընդդիմությանն ու իշխանությանը համախմբված աշխատելու կոչ արեց:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ - Այսօր մեր հայրենիք Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին ու ներքին լուրջ մարտահրավերիների, հանդիման Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումերի: Հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական-քաղաքական գործիչների ու ողջ հասարակության համախմբումը:
Խորհդարանականներին հնարավորություն է տրվել մշակել ու իրականացնել ապագային միտված ծրագրեր, իսկ ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը՝ հայտարարեց հանրապետության նախագահը:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Պետք է ամեն ինչ անել՝ պաշտպանելու և պահպանելու Հայաստանի պետականությունը, պահպանելու որպես հիմնական համաзգային գաղափարախոսություն, որպես կարևորագույն համահայկական արժեք:
ԱԺ անդրանիկ նիստի օրակարգում ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների ընտրությունը և այլ հարցեր էին, սակայն նիստը խաղաղ չանցավ՝ իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չէին գալիս: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորները, որոնք միանման շապիկով էին ներկայացել, պահանջում էին ապահովել կալանավորված թիմակիցների՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի մասնակցությունը նիստին:
Արմեն Ռուստամյան («Հայաստան» դաշինքի պատգամավոր) - Արտառոց վիճակում ենք, չի եղել ԱԺ այսպիսի գումարում, որ սկսենք, երբ երկու պատգամավոր գործընկերներ գտնվում են կալանքի տակ, ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները։ Եթե մենք համարում ենք, որ ոչինչ չի եղել, այսպես հանգիստ կարելի է սկսել, անցնել օրակարգին ու անտեսել այս ամենը, ապա այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի:
Իշխող թիմից արձագանքեց Վլադիմիր Վարդանյանը՝ չհերքելով, որ պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, բայց հիշեցրեց, որ ներկայումս գործ ունեն իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերաբերում են պատգամավորական մանդատը ստացած անձանց, տեղի են ունեցել մինչ պատգամավորական մանդատը ստանալը:
Վլադիմիր Վարդանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ-ի համապատասխան որոշումներով: Որևէ բան չեմ բացառում, բայց, հարգելի՛ գործընկերներ, այստեղ բոլորս պարտավոր ենք ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը: Հնարավորություն տանք նախագահողին ձևավորել ԱԺ մարմինները, որից հետո կարելի է քննարկել ցանկացած հարց:
Բանավեճը շարունակվեց, իշխանությունն ու ընդդիմությունը համաձայնության չեկան, «Պատիվ ունեմ»-ը միացավ «Հայաստան» դաշինքի պահանջին, նիստը 20 րոպե ընդմիջվեց: Ընդմիջումն ավարտվեց, բանավեճը՝ ոչ: Ընդդիմադիրները պահանջում էին ԱԺ հրավիրել ՀՀ գխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Ի վերջո, խորհրդարանականներն անցան ԱԺ նախագահի ընտրության հարցին:
Հայկ Կոնջորյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - «Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ նախագահի թեկնածու է առաջադրում Ալեն Սիմոնյանին:
«Հայաստան» դաշինքն ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեց պաշտոնական լիազորությունները չարաշահելու ու պաշտոնական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Մխիթար Զաքարյանին, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ն առաջադրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, կրկին կալանքի տակ գտնվող Արթուր Սարգսյանի թեկնածությունը:
Արծվիկ Մինասյան («Հայաստան» խմբակցության քարտուղար) - Խմբակցությունը ներկայացրեց Մխիթար Զաքարյանի թեկնածությունը ոչ միայն այն պատճառով, որ մենք այսօր, այս պահին ունենք Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսված իրավունքի հիմնարար ոտնահարման փաստ առ այն, որ Մխիթար Զաքարյանը, ընտրված լինելով ԱԺ պատգամավոր, այսօր բացակայում է այս դահլիճից, բայց բացակայում է ոչ իր կամքով, այլ գտնվում է ապօրինի անազատության մեջ:
Խորհրդարանն ընդմիջումից հետո շարունակեց աշխատանքները: Արծվիկ Մինասյանին հարցեր տալու համար հերթագրվեցին միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորները: «Պատիվ ունեմ»-ն էլ ներկայացրեց ԱԺ նախագահի իր թեկնածուին:
Ընդդիմադիրները բոյկոտեցին նիստերն ու հեռացան դահլիճից որոշումով՝ չմասնակցել Աժ նախագահի ընտրության քվեարկությանը:
Նիստը շարունակվեց միայն իշխանական խմբակցության մասնակցությամբ: «Քաղաքացիական պայմանագրի» ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանը ելույթ ունեցավ՝ շեշտելով, որ խորհրրդարանի կողմից վստահության քվե ստանալու դեպքում իր առաջնային խնդիրներից է լինելու ապահովել Ազգային ժողովի՝ որպես պետության կարևորագույն ինստիտուտի, անխափան գործունեությունը և արդյունավետությունը:
Ալեն Սիմոնյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի ներքաղաքական հարաբերություններում ունենք բազմաթիվ անհամաձայնություններ և տարաձայնություններ, բայց պետք է նաև աներկբա վերահաստատենք, որ ՀՀ-ում մենք թշնամիներ չունենք ու չենք կարող ունենալ: Ազգային ժողովը, գտնվելով քաղաքական գործընթացների առաջնագծում, մարդկանց համար հանդիսանում է ամենակարևոր չափորոշիչներից մեկը բոլոր առումներով:
Ազգային ժողովի նախագահի փակ քվեարկությունը նույնպես առանց միջադեպերի չանցավ. քվեարկությունը կրկնվեց ընդդիմադիր թեկնածուներից մեկի անվան մեջ քվեաթերթիկում տեղ գտած տառասխալի պատճառով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ առաջարկեց նիստերի ավարտից հետո գումարել մեկ լրացուցիչ նիստ, որպեսզի այսօր վերջնակետին հասցվի ԱԺ նախագահի ընտրությունը:
Ի վերջո, Ազգային ժողովն այսօր ընտրեց խորհրդարանի խոսնակին:
Աժ փոխնագահների ու հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը կքննարկվի ԱԺ հաջորդ նիստերի ընթացքում:
Նորընտիր խորհրդարանում քաղաքական 3 ուժ կա՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքները: Այս անգամ օրենսդիրն ունի 107 պատգամավոր, որից 71-ը՝ իշխանական մանդատով, 29-ը «Հայաստան» դաշինքի մանդատն է, 7-ը՝ «Պատիվ ունեմ»-ինը:
Հեղինակ՝ Անի Օհանյան