ԱՄՆ-ում ավարտվել է պետական պարտքի «սահմանագծի» երկամյա ժամկետը, գրում է Bloomberg-ը:
Պարտքի սահմանաչափը 2019 թվականին 22 տրիլիոն դոլար էր սահմանվել, սակայն այս հունիսին պարտքը հասել էր 28.5 տրիլիոն դոլարի: Գործակալության տվյալներով, եթե Կոնգրեսը միջոցներ չձեռնարկի, ֆինանսների նախարարությունը ստիպված կլինի ծայրահեղ քայլերի դիմել:
Միացյալ Նահանգներն ակտիվորեն ավելացնում է արտաքին փոխառությունները 2008 թ. ճգնաժամից ի վեր: Բարաք Օբամայի օրոք պարտքային պարտավորություններն ավելացել են 9 տրիլիոն դոլարով, Դոնալդ Թրամփի օրոք՝ ևս 7-ով: 2018-ին այն արդեն կազմում էր ՀՆԱ-ի 78 տոկոսը, ինչը Համաշխարհային բանկը վտանգավոր է որակում:
Ըստ կանխատեսումների՝ 10 տարի անց պետական պարտքը պետք է գերազանցեր ամերիկյան տնտեսության ծավալը: Սակայն դա տեղի ունեցավ ավելի վաղ՝ կորոնավիրուսային համավարակի և ազգային տնտեսությանն աջակցելու ծախսերի պատճառով: Արդյունքում՝ այս տարվա գարնանն ԱՄՆ պետական պարտքը հասել է 28 տրիլիոն դոլարի կամ ՀՆԱ-ի 101 տոկոսի: Նման բան արձանագրվել էր միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: