ԷՐԴՈՂԱՆԸ ԵՎ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Թուրքիայի և Վրաստանի ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել: Ռեջեփ Էրդողանն ու Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերություններն ու անդրադարձել տարածաշրջանային հարցերին: Զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ Վրաստանն առանցքային դերակատարություն ունի տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման գործում: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ կակտիվանա Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի գործունեությունը, որը հաջողությամբ իրականացնում են նախարարները և պատգամավորները, ինչպես նաև երկրների ղեկավարները:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՄՈԼԵԳՆԵԼ ՀՐԴԵՀՆԵՐԸ
Թուրքիայի տարբեր նահանգներում մոլեգնող հրդեհները շարունակվում են: Իշխանությունը վստահեցնում է, որ 125 հրդեհներից 117-ը վերահսկելի են: Տասնյակ գյուղեր ու բնակավայրեր են տարհանվել: Հրդեհների պատճառով 864 մարդ հոսպիտալացվել է, 8-ը՝ մահացել: Հարավային շրջաններում տարածվող հրդեհները հասել են առողջարանային քաղաքներ: Տարհանվել են մի շարք հյուրանոցներ, զբոսաշրջիկներին նավերով և մեքենաներով հեռացրել են վտանգավոր գոտիներից: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Կրակի երեխաներ» կազմակերպությունը ստանձնել է երկրում անտառային հրկիզումների կազմակերպման պատասխանատվությունը։ Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ հրդեհները կազմակերպվել են, քանի որ «թուրքական ռեժիմը չի հասկանում որևէ այլ լեզու, ուստի ժամանակն է նրան ծնկի բերելու»։ Պաշտոնական Անկարան դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։
ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ԼՈՆԴՈՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԻՐԱՆԻՆ
Վաշինգտոնը վստահ է, որ է, որ Mercer Street լցանավի վրա վերջերս կատարված հարձակման հետևում կանգնած է Իրանը: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ այդ հարձակումն արդարացում չունի: Լոնդոնը նույնպես կարծիք է հայտնել, թե Իրանն է պատասխանատվություն է կրում Արաբական ծովում ճապոնական լցանավի վրա իրականացված հարձակման համար, ինչի հետևանքով անձնակազմի երկու անդամ է մահացել, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի: Իսրայելն էլ Իրանին մեղադրել է պատասխանատվությունից խուսափելու համար: Պաշտոնական Իրանն արձագանքել է մեղադրանքների շարքին՝ վստահեցնելով, որ Թեհրանի մասնակցության մեղադրանքներն անհիմն են: Mercer Street ճապոնական լցանավը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում. Zodiac Maritime օպերատոր ընկերությունը, որը պատկանում է իսրայելցի գործարարի, սկզբում հայտնել էր, որ խոսքը կարող է լինել ծովահենների հարձակման մասին, սակայն ավելի ուշ Ծովային առևտրի կազմակերպությունը հայտնել էր, որ միջադեպը ծովահենների հետ կապ չունի: