Հրազդանի ձորում՝ Երևանյան լճի ափին է գտնվում «Երևան 1» բացառիկ քարայրը: 1970-ականներին՝ պեղումների ընթացքում է բացահայտվել: Հուշարձանը 70000 տարվա պատմություն ունի ու կարող է մայրաքաղաքի այցեքարտերից մեկը դառնալ:
Թփերով ծածկված այս կիսակլոր գմբեթավոր խորշը մայրաքաղաքի նախապատմական ժամանակաշրջանի քարեդարյան բացառիկ հուշարձան է: Հնագետները պեղումների ժամանակ այս տարածքում բացահայտել են նախնադարյան մարդու աշխատանքային գործիքներ, կենցաղի ու ապրելակերպի բազմաթիվ ապացույցներ:
Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն) - Այստեղ իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են 20.000-ից ավելի գործիքներ, հիմնականում դրանք օբսիդիանից էին պատրաստված:
Նախամարդու աշխատանքային գործիքներն ու ոսկորները ժամանակին Լենինգրադի հնագիտության ինստիտուտի քարեդարյան տեխնիկայի լաբորատորիա են տարել, ուսումնասիրել: Այստեղից պեղված 20.000 նմուշն այժմ պահվում է Երևանի պատմության թանգարանում: Թանգարանի մշտական ցուցադրությունում հյուրերին ներկայացնում են երևանյան քարայրի կրկնօրինակը՝ պեղված բնօրինակ գործիքներով:
Անժելա Տերյան (Երևանի պատմության թանգարանի հնագույն պատմության բաժնի վարիչ) - Օջախի մնացորդներ են հայտնաբերվել, կայծքարից, հասպիսից, օբսիդիանից աշխատանքային գործիքներ, մոտավորապես 2500 աշխատանքային գործիք, նաև թափոններ, ինչը վկայում է, որ այդ քարայրը եղել է արհեստանոց:
Նախամարդու աշխատանքային այս գործիքներն ու զենքերը վկայում են, որ դրանով ժամանակին կաշի են քերել, փայտ մշակել ու որսի միս կտրել: Ըստ մասնագետների՝ համաշխարհային քարեդարյան հնագիտության համար քարայրի պեղումները բացառիկ բացահայտում են:
Անժելա Տերյան - Հայտնաբերված նյութերը թույլ են տալիս ասելու, որ Երևանը բնակեցված է եղել հարյուր հազարավոր տարիներ առաջ:
Ժամանակին արված սենսացիոն բացահայտումն այսօր մնացել է թփերի հետևում: Մինչդեռ սա յուրահատուկ այլընտրանք կարող է դառնալ զբոսաշրջային երթուղիներում:
Քարայրը զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար Բադալյանը իր թիմի հետ միասին նախագիծ է մշակել, փաթեթն էլ ներկայացրել Երևանի քաղաքապետարան։ Տարածքը մեծ պոտենցիալ ունի, հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում Հայաստանը զբոսաշրջիկին կարող է նորովի ներկայանալ:
Երևանյան լճի հարևանությամբ այլ քարայրներ էլ կան, մյուս ափին է գտնվում նաև մոտ 6000 տարվա պատմություն ունեցող, համաշխարհային նշանակության Շենգավիթ բնակավայրը: Բադալյանն առաջարկում է այս ամենը մեկ երթուղում ներառել:
Ծրագիրը իրականացնելու համար շատ բան հարկավոր չէ: Մի փոքր ներդրում ու համակարգված աշխատանք: Արդյունքում՝ հնագիտական զբոսաշրջային նոր երթուղու միջոցով Երևանը զբոսաշրջիկին կներկայանա իր հարյուր հազարավոր տարիների պատմությամբ ու նախնադարյան կենցաղավարությամբ: