ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով հանրությանը կներկայացվեն նախորդ տարվա աշնանը երկրում նախագահական ընտրությունների անցկացման ընթացքում բազմաթիվ խախտումների նոր ապացույցներ: Այդ մասին ասված է քաղաքական գործչի՝ կիրակի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Կան զգալի ապացույցներ, որ ընտրությունների անցկացումը խարխլվել է խարդախությամբ և խախտումներով, որոնք մեր երկիրը երբեք չի տեսել նախկինում։ Դրանից շատ բան արդեն դարձել է հանրության սեփականությունը, և դեռ ավելի շատ կհայտնվի մոտ ապագայում»,- հայտնել Է Թրամփը։
Սպիտակ տան նախկին ղեկավարն առաջատար լրատվամիջոցներին մեղադրել է, որ նրանք «ամեն ինչ անում են իրենց ուժերի սահմաններում, որպեսզի մարդկանց թույլ չտան տեսնել կամ կարդալ այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել», և կոչ է արել նահանգների օրենսդիր մարմիններին փոխել քվեարկության կարգը, որպեսզի հետագայում թույլ չտան նման խախտումներ:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կայացել են 2020 թվականի նոյեմբերի 3-ին։ Թրամփը և մյուս հանրապետականները հայտարարել են քվեարկության ժամանակ պարբերական խախտումների մասին։ Նրանք բազմիցս դիմել են դատարաններ՝ մի շարք նահանգներում ընտրողների ձայների վերահաշվարկ անցկացնելու պահանջով։ Սակայն հանրապետականների գործողությունները հաջողություն չեն ունեցել, նրանց հայցերը դատարանները մերժել են, այդ թվում՝ ԱՄՆ Գերագույն դատարանը։