Թալիբները ռմբակոծել են Աֆղանստանի հարավում գտնվող Կանդահար քաղաքի օդանավակայանը, ինչի հետևանքով բոլոր չվերթերը չեղարկվել են: Այդ մասին «Ֆրանսպրեսին» հայտնել է օդանավակայանի ղեկավար Մասուդ Պաշտուն:
«Թալիբան» շարժման ներկայացուցիչներից մեկը Reuters-ին տված հարցազրույցում հաստատել է լուրը: Վերջինիս պարզաբանմամբ` իրենք նպատակ են ունեցել կասեցնելու պետության զինված ուժերի հարձակումներն իրենց վրա: Ըստ «Թալիբանի»` այդ հարձակումների կենտրոնը եղել է օդանավակայանը: Մարտերը Կանդահարում շարունակվել են ամբողջ գիշեր:
Աֆղանական զինված ուժերը մինչ այդ օդային հարձակումներով ավերել էին Լաշկարգահ քաղաքի հիվանդանոցը, որտեղ բուժվում էին շարժման վիրավորները:
Նույն օրը երկու ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել նաև երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Հերաթ քաղաքում: Հարձակմանը դիմակայելու նպատակով կառավարությունը հավելյալ հատուկջոկատայիններ է ուղարկել այնտեղ: Հարյուրավոր մարդիկ լքել են տները՝ ապաստան գտնելով քաղաքի կենտրոնում:
Զորքերի տեղակայումից 20 տարի անց միջազգային ուժերը լքում են Աֆղանստանը: Գերմանիայի զորքերն արդեն ամբողջովին դուրս են բերվել, իսկ ԱՄՆ-ն իր առաքելությունը այնտեղ պետք է ավարտի մինչև օգոստոսի 31-ը: