Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան կորոնավիրուսային հիվանդության «դելտա» շտամի դեմ նոր սահմանափակումներ են մտցրել. առանց պատվաստման հավաստագրի կամ COVID-19-ի թեստի բացասական պատասխանի եվրոպացիները չեն կարող մասնակցել մշակութային, մարզական, սոցիալական միջոցառումների:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից, Ֆրանսիայում օգոստոսի 9-ից ուժի մեջ կմտնի նոր փոփոխություն, որը պարտադիր կդարձնի առողջության անձնագիրը սրճարան այցելող, ինքնաթիռով կամ գնացքով երթևեկող քաղաքացիների համար: Մինչ այդ պատվաստման պահանջ էր մտցվել բուժաշխատողների նկատմամբ, սահմանափակումներ էին գործում թանգարաններ, կինոթատրոններ և մշակութային վայրեր այցելողների համար: Ֆրանսիայի կառավարությունը պատվաստումը համարում է COVID-19-ի դեմ պայքարի առանցքային քայլ:
Հունաստանում ուժի մեջ է մտել ծերանոցների անձնակազմերի համար պատվաստումների պարտադիր պահանջը: Նրանք, ովքեր մինչև օգոստոսի 16-ը չեն պատվաստվի, կհեռացվեն աշխատանքից:
Հարցումների տվյալներով` հույների գրեթե երկու երրորդը կարծում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը համաճարակը հաղթահարելու միակ միջոցն է, ուստի կողմ է արտահայտվում ուսուցիչների, բուժաշխատողների, ծերանոցների անձնակազմերի պարտադիր պատվաստմանը:
Իտալիայում ևս խստացնում են սահմանափակումները. օգոստոսի 6-ից երկրի հանրային փակ տարածքներում պատվաստման անձնագիր կպահանջեն: