Այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը, սպասելի էր, քանի որ Բաքուն փորձում է ոչ միայն ամրապնդվել Հայաստանի սուվերեն տարածքներում, այլև ռազմական նման սադրանքների միջոցով միջազգային հանրության ուշադրությունը շեղել բուն արցախյան հակամարտությունից և դրա կարգավորման շուրջ բանակցություններից: Սա, ըստ էության, այն միասնական գնահատականն է, որը տրվեց փորձագիտական հանրության կողմից՝ հուլիսի 28-ի գիշերը Վերին Շորժայում ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակման անհաջող փորձից հետո: Սրանից զատ, տարածված է տեսակետը, որ թե՛ Վերին Շորժայում, թե՛ Երասխում և Սյունիքում ադրբեջանական սադրանքների հիմնական նպատակներից մեկը նաև Երևանին սեփական օրակարգը թելադրելն է, այսինքն՝ սկսել դելիմիտացիայի գործընթաց՝ այն դեպքում, երբ ադրբեջանական զինված ուժերը հետ չեն քաշվել Հայաստանի սահմանից, ինչը, նույն փորձագիտական գնահատականների համաձայն, կնշանակի, որ Հայաստանը կորցնում է այդ տարածքների նկատմամբ վերահսկումը: Բնականաբար, պաշտոնական Երևանը իրերի նման դասավորության հետ համաձայն լինել չի կարող, ինչը Ադրբեջանին ի ցույց դրվեց նախ՝ մարտի դաշտում, իսկ հետո նաև՝ պաշտոնական հնարավոր բոլոր խողովակներով: Պատասխանը մեկն է՝ Հայաստանը ոչ մի դեպքում իր տարածքները սակարկման առարկա չի դարձնելու:
ՀՀ ԱԳՆ - Ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։
Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։
Որ Երևանը պատրաստվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար դիմել ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր միջոցներին, հայտարարեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, որի խոսքում հստակ ընդգծվեցին այն առաջնահերթությունները, որոնք խախտել Երևանը չի պատրաստվում: Խոսքը, նախևառաջ, վերաբերում է Հայաստանի դաշնակցային պարտավորությունների շրջանակից դուրս չգալուն և նաև Ռուսաստանի, հետո նաև՝ ՀԱՊԿ գործընկերների շահերը հաշվի առնելուն: Սա նշանակում է՝ Հայաստանն ինքը պատերազմ չի սկսի, սակայն ակնկալում է օգնություն՝ նույն այդ հնարավոր պատերազմը կանխելու գործում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, ով սույն թվականի սեպտեմբերից ստանձնելու է կազմակերպության նախագահությունը, Հայաստանը հասկանում է ՀԱՊԿ-ի համար անվտանգային սպառնալիքներ չստեղծելու, դաշնակից երկրներին ռազմական գործողությունների մեջ չներքաշելու իր պատասխանատվությունը: Եվ ես պաշտոնապես բացառում եմ Հայաստանի զինված ուժերի կողմից որևէ սադրիչ գործողություն: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ Ադրբեջանի և մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, ինչը նախատեսված է ՀԱՊԿ-ի գործունեության իրավակարգավորումներով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:
Թե ինչպիսի՞ն կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումն այս հարցում, դեռևս պարզ չէ: Առանձին-առանձին խմբի համանախագահ երկրներից առնվազն Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները շարունակում են ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ վերջինին հիշեցնելով, որ խաղաղ բանակցություններին վերադարձն այլընտրանք չունի: Սակայն ինքը՝ Մինսկի խումբը, շարունակում է անհասցե և միաժամանակ հակամարտ երկու կողմերին ուղղված կոչերի մարտավարությունը՝ ըստ էության հավասարության նշան դնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդկերպ Բաքվին հնարավորություն տալով շարունակել ագրեսիվ քաղաքականությունը: Փորձագետներից շատերը պնդում են, որ նաև այս քաղաքականության պատճառով էր, որ Ադրբեջանը համարձակվեց անցած տարի լայնամասշտաբ պատերազմ սկսել Արցախի դեմ՝ համոզված լինելով, որ միջազգային հանրությունը կրկին կհրաժարվի իրերը կոչել իրենց անուններով: