Եվրախորհրդարանն արդեն երկու շաբաթ է՝ ամառային արձակուրդում է, բայց հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը պատգամավորների ուշադրության կենտրոնում է: Ադրբեջանին հերթական անգամ կոչ է արվում դադարեցնել անպատասխանատու հայտարարություններն ու գնալ հարցի կարգավորման բանակցային ուղով:
Եվրախորհրդարանի Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողներ Անդրեյ Կովաչևը, Ժելյանա Զովկոն և Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Եվրապատգամավորները նախ իրենց ցավակցությունն են հայտնել Գեղարքունիքի մարզում ադրբեջանական զորքերի ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին և իրենց մտահոգությունը հայտնել վերջին շրջանում կրկնվող զարգացումների և հարձակումների վերաբերյալ։ Համատեղ հայտարարությունը կոչ է անում հետևել հրադադարի ռեժիմին և հեռու մնալ ցանկացած տեսակի սադրանքից։
Անդրեյ Կովաչև (Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող) - Հիմնահարցի երկարաժամկետ լուծման մասին խոսելիս պետք է հիշել, որ հիմնարար սկզբունքներից առաջինը ուժի չկիրառումն է։ Կարծում էինք՝ կողմերը եկել են համաձայնության հիմնարար սկզբունքների շուրջ՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք։ Բայց վերջին օրերին, ցավոք, Ադրբեջանն ակնհայտորեն խախտում է այդ շատ կարևոր սկզբունքը՝ ուժի չկիրառումը։ 21-րդ դարում չենք կարող ինչ-որ բան պարտադրել ուժի կիրառմամբ։ Դա անողը պետք է գիտակցի, որ իր կեցվածքը երկարատև բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։ Այդ պատճառով էլ քննադատում ենք այդ ագրեսիվ հռետորաբանությունը։
Համատեղ հայտարարությունը հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի շարունակական հետևողականության մասն է։ Դեռևս մայիսի 20-ին Եվրոպայի խորհրդարանը մայիսի 12-ին Ադրբեջանի զորքերի մուտքը Հայաստանի տարածք որակեց որպես միջազգային իրավունքի և Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարում։ Ինչպես բանաձևում, այնպես էլ վերջին հայտարարության մեջ կոչ է արվում վերադառնալ մայիսի 12-ի դրությամբ առկա դիրքեր։
Անդրեյ Կովաչև (Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող) - Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև առկա լարված իրավիճակը վերաբերում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին, և որևէ տեսակի ուժի կիրառումը կամ խախտումն անընդունելի է։ Տեղի ունեցողն ակնհայտ սադրանք է և ագրեսիվ հռետորաբանություն, որը մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել։ Այդ հռետորաբանությունը թունավորում է հնարավոր հարաբերությունները։
«Իրավիճակը թուլացնելու համար ծայրահեղ կարևոր է, որ ագրեսիվ հռետորաբանությունն անմիջապես դադարեցվի: Այդ համատեքստում մենք դատապարտում ենք հատկապես Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները՝ այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքը որպես ադրբեջանցիների «նախնիների երկիր» նշելը: Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և սպառնում են ավելի խարխլել տարածաշրջանային անվտանգությունը»։
Հայտարարության մեջ նշվում է, որ հիմնահարցի երկարաժամկետ լուծման և տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հստակեցման համար ԵՄ-ն ևս մեկ անգամ հաստատում է իր աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին և հարցը բանակցություններին սեղանի շուրջ լուծելուն։
Անդրեյ Կովաչև (Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող) - Հրադադարի եռակողմ հայտարարությունը հարցի վերջնական լուծում չէ։ Պետք է վերադառնալ հարցի կարգավորման համար ՄԱԿ-ի և միջազգային հանրության կողմից ճանաչված միակ ձևաչափին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Այս ձևաչափում պետք է գտնել երկու կողմերի համար էլ ընդունելու ելքեր և, որ ամենակարևորն է, չպետք է մոռանալ, որ հայերն ու ադրբեջանցիները, նրանց սերունդները պետք է ապրեն միասին այս տարածաշրջանում։ Հետևաբար, պետք է նրանց համար լավ ապագայի ճանապարհ հարթել։
Անդրեյ Կովաչևն անդրադարձ կատարեց նաև հայ ռազմագերիների հարցին, Բաքվում ընթացող դատավարություններին՝ հիշեցնելով, որ այն, ինչ տեղի է ունենում Բաքվում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է։
Անդրեյ Կովաչև (Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող) - Ըստ միջազգային բոլոր կառույցների, ՄԻԵԴ-ի, Եվրախորհրդարանի, Կարմիր խաչի և, ի վերջո, Ժնևի միջազգային կոնվենցիայի՝ սա մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Բաքվում պահվողները ռազմագերիներ են, որոնք պետք է անհապաղ վերադառնան իրենց ընտանիքներ։ Միակողմանի, սեփական ցանկությամբ նրանց ահաբեկիչ համարելը և դատելը միջազգային նորմերի խախտում են։
Եվրապատգամավորը վստահեցնում է՝ շարունակելու են բարձրաձայնել և դատապարտել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի ագրեսիվ և ատելություն սերմանող հռետորաբանությանը վերջ չի տրվել։ Բանակցությունների հենք հանդիսացող կամուրջներ ստեղծելն ավելի քան օրհասական է, եզրափակում է բուլղարացի պատգամավորը։