Գրող, լրագրող Արմեն Շեկոյանը կհուղակավորի Երևանի քաղաքային պանթեոնում։ Հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ստեղծվել է հուղարկավորության հանձնաժողով: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 18:00-ից, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
Գրողին վերջին հրաժեշտն են տվել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը, հարազատներ, ընկերներ: Արմեն Շեկոյանը 68 տարեկան էր, նա մահացել է հուլիսի 29-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:
Բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը բազմաթիվ ժողովածուների ու գրքերի հեղինակ է, մի շարք մրցանակների դափնեկիր: Նա ամենաարժեքավորը համարում էր Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը, որին արժանացել էր 2017 թվականին: Մինչև կյանքի վերջը Շեկոյանը գրում էր տասնյակ հատորներից բաղկացած «Հայկական ժամանակ» մեծածավալ վեպը` մեր օրերի ժամանակագրությունը:
Արշակ Սադոյան, քաղաքական, հասարակական գործիչ - Մենք այնքան մոտ ընկերներ էինք, որ շաբաթը 4-5 օր հավաքվում էինք: Յուրահատուկ անձնավորություն էր, կյանքի նկատմամբ իր մոտեցումներն ուներ:
Հուսիկ Արա, բանաստեղ - Մնալու է Արմեն Շեկոյանը` որպես երևանյան պոետ, երևանյան հեղինակ, մտավորական:
Նա կարողացավ ամբողջական ներկայացնել իր ապրած ժամանակը Երևանում, Հայաստանում:
Արա Խզմալյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Եթե մենք ասում ենք, որ քաղաքն ունի դեմք, Շեկոյանի նման գրողներն այդ դեմքի դիմագծերն են: Բարեբախտաբար, կմնա այդ գրական ժառանգությունը և մենք կկարողանաք տեսնել Երևանն ու հայի խնդիրըն այնպես, ինչպես իրենք ենք տեսել:
Ռոլանդ Շառոյան, արձակագիր - Եթե աշխարհի երեսին մի հայ էլ մնա, Արմենի ստեղծագործությունը կապրի:
Վահրամ Դումանյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար - Իրոք մտավորական, ինչն այսօր, ցավոք սրտի, հազվադեպ երևույթ է: Մեծ է կորուստը, իր երկրի անմնացորդ նվիրյալն էր: