Նրբագեղ ու նկարազարդ շարֆեր բնական մետաքսից։ Մասնագիտությամբ սոցիոլոգ Անուշը կյանքի ամենաբարդ փուլում ստիպված էր թողնել մեթոդիստ դասընթացավարի 11 տարվա աշխատանքը։ Հենց այդ ժամանակ էլ որոշեց հոբբին դարձնել բիզնես։
Անուշ Մարդանյան («Ա-Նուշ» ընկերության հիմնադիր) - Կարելի է ասել՝ կյանքիս ամենադժվար փուլերից մեկն էր, և միտք առաջացավ սիրելի զբաղմունքս վերածեմ բիզնեսի ու ստեղծեցի «Անուշ» ապրանքանիշը։
Արդեն երկու տարի է՝ Անուշը մետաքսյա շարֆերի վրա նկարազարդում է հայկական զարդանախշեր, թռչնատառեր ու ծաղիկներ։ Պատվերները բազմազան են, յուրաքանչյուրին ցուցաբերում է անհատական մոտեցում։ «Նրբագեղությունը չափանիշ է» կարգախոսով առաջնորդվող ընկերության տարբերանշանը նուշի պատկերով է:
Անուշ Մարդանյան - Հին ժամանակներում ոնց որ մեր տատիկները ամանորին գաթա էին պատրաստում, նուշը դնում էին, և ում որ ընկնում էր՝ հաջողակ էր լինում, էնպես էլ էդ հաջողության խորհրդանիշը դրել եմ նաև էդ անվանման մեջ, կարծես կրողին հաջողություն պետք է բերի էդ շարֆը։
Հայաստանում իրացումն իրականացնում է սոցիալական ցանցերի ու առաքման միջոցով։ Արտերկրում վաճառքը կազմակերպելու համար համագործակցում է Հայաստանի Էքսպորտ կենտրոնի հետ, որի միջոցով արտադրանքը շուտով կներկայացվի հայտնի օնլայն հարթակներում։
Անուշ Մարդանյան - Մեծ քանակի պատվերներ եղան Ամերիկայից, եվրոպական մի շարք երկրներից՝ Չեխիա, Իտալիա, Գերմանիա, և բոլորը հիացմունքով էին արձագանքում, ու դա մեծ ազդակ եղավ առաջ գնալու ու նոր գեղեցկություններ ստեղծելու համար։
Կարճ ժամանակահատվածում հաճախորդները սիրեցին «Ա-նուշի» արտադրանքը։ Ընկերությունը կազմակերպում է «Հավատարիմ հաճախորդ» ամենամյա մրցույթը։ Այս տարի հաղթողը կախազարդ է նվեր ստացել՝ որպես հաջողության խորհրդանիշ։
Անուշ Մարդանյան - Ես ինքս էլ կրում եմ մեծ սիրով իմ հաջողության գրավականը՝ նուշը, ինչպես զարդի, այնպես էլ նուշի տեսքով։
Անուշը խորհուրդ է տալիս զբաղվել սիրելի աշխատանքով, քանի որ այդ դեպքում քո կատարած աշխատանքի արդյունքը կարող է գոհացնել բոլորին:
Անուշ Մարդանյան - Բոլոր դժվարություններից բարձրացա վեր «Անուշ» ապրանքանիշը ստեղծելուց հետո որպես մարդ, որպես անհատ և որպես կին:
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան