Խաղաղ քնած այս աղջնակը դեռ 1 ամսական չկա՝ Մանկան տան նոր բնակիչն է, ծնվելու հաջորդ օրը մայրն է բերել:
Լիդա Ջուլիկյան («Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Եթե դիտարկենք 2020 թվականը, երեխաների 70-80 տոկոսը ծննդատներից ընդունված երեխաներն են, որոնք ունեն զարգացման այս կամ այն առանձնահատկությունը, 10 տոկոսին ծնողն է բերում, մնացած դեպքերում խնամատարության մարմինն է որոշում:
Այս փոքրիկը չունի առողջական որևէ խնդիր: Մանկան տանը ապրող 64 երեխաներից 20-ն են բացարձակ առողջ: Շուտով բնակիչների թիվը կավելանա ևս մեկով: Արցախի փողոցի շենքերից մեկում լքված նորածինը այստեղ է տեղափոխվելու, հենց փաստաթղթային հարցերը կարգավորվեն: Մինչ այդ նա «Մուրացան» համալսարանական կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունքում է:
Դավիթ Լոռենց («Մուրացան» մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ) - Երեխան 2650 գրամով եկել է, էս պահին 2950-ի կարգի ա, աճում ա, սնվում ա, բոլոր պարամետրերով առողջ նորածին ա:
Փոքրիկին բուժող բժիշկը նշում է՝ հարցնողները շատ են, խնամելու ցանկություն ունեցողներն էլ՝ բոլորն անծանոթ:
«Ընկեցիկ աղջիկ» գրառման վրա շուտով անուն-ազգանունը կավելանա, բայց կարգավիճակը չի փոխվի, քանի դեռ մայրը չի գտնվել:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետը նշում է՝ խնամատար ընտանիքի երեխային դեռ չեն հանձնի:
Կարինե Բադալյան (ԱՍՀՆ երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ) - Նախ՝ կվերցվի որպես առանց ծնողական խնամքի մնացած երեխա, այնուհետև կուղեգրվի հաստատություն՝ խնամքը կազմակերպելու ուղղությամբ, մինչև կենսաբանական ծնողներին կհայտնաբերեն, կամ կհաստատվի, որ երեխան ընկեցիկ է:
Գուցե ծնողը պահի տակ է որոշում կայացրել, վատ վիճակում է, կացարանով, կրթությամբ, աշխատանքով կաջակցեն, մայրիկ-երեխա կապը չի կտրվի: Վերջին տարվա ընթացքում կենսաբանական ընտանիք վերադարձած երեխաների թիվը ավելացել է: Մանկան տան տնօրենը թվեր է ներկայացնում:
Լիդա Ջուլիկյան - 2017 թ.-ից դուրս եմ հանել տվյալներ, ըստ որի՝ ընտանիք վերադարձել է 2, որդեգրվել 34 երեխա: 2020 թ. կենսաբանական ընտանիք վերադարձել է 23, որդեգրվել 11, խնամատար ընտանիք է գնացել 5 երեխա:
Այս տարի կենսաբանական ընտանիք է վերադարձել 5, որդեգրվել 4 երեխա, ևս 5-ը տեղափոխվել են խնամատար ընտանիք:
Ի դեպ, որդեգրումների թիվը ընդհանուր պակասել է, միջազգային որդեգրումներինը՝ հատկապես:
Կարինե Բադալյան - 2020 թ. 24 ներքին որդեգրում է եղել և 1 միջազգային:
Այս պահին Հայաստանում որդեգրման ընթացքի մեջ է 154 ընտանիք, նախընտրում են կատարյալ առողջ նորածինների: 2020 թ. սակայն առաջին անգամ Հայաստանում առողջական խնդրով 4 երեխա է որդեգրվել: Մինչև հիմա նման երեխաների Հայաստանից որդեգրել են միայն արտասահմանցիները: Կարինե Բադալյանը ևս մեկ բացառիկ օրինակ է բերում.
Այս պահին որդեգրման պրոցեսում է 3 եղբայրների որդեգրում, ավագ եղբայրը՝ 16, կրտսերը՝ 5, և կա միջին տարիքի եղբայրը:
Որդեգրումների նվազմանը զուգահեռ հիմա երեխաներին ավելի քիչ են լքում: Դա վկայում են թվերը:
8 ամիս առաջ Մանկան տանը խնամք էր ստանում 78 երեխա, հիմա՝ 64 երեխա:
Հունիսի 30-ի դրությամբ շուրջօրյա խնամքի հաստատություններում կա 587 երեխա, 473-ն ունեն առողջական խնդիր: Կյանքի երկրորդ օրվանից Մանկան տանն ապրող այս աղջնակը չգիտի դեռ՝ ինչքան կմնա, որդեգրման հաշվեկշռում ընդգրկված չէ, սպասում են մայրիկի որոշմանը: Այս պատերի ներսում երեխաների երազանքներում ընտանիքի պատկերն է:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան