Օգոստոսն է սկսվում, մինչդեռ Ապարանի սարերին կարծես մայիս լինի։ Կաղնին նոր մատղաշ տերևներ է բացում՝ այս տարի արդեն երկրորդ անգամ։ Առաջինը մի ամբողջ անտառ ոսկետուտ անունով որդերը կերան։ Հունիսի 16-ի մեր նկարահանման նույն տարածքում ենք։
Վարդգես Սարգսյան (Արագածոտնի անտառտնտեսության կուլտուրաների ինժեներ) - Սրանք բոլորը նոր բացված տերևներ են, իսկ որդ այլևս չկա, 90 տոկոսով սատկել են, թե չէ նորից կուտեին: Անտառը փրկված է՝ կարելի է ասել:
Կաղնին այն ծառատեսակն է, որ ամենաշուտն է նորից տերևակալում, եթե իհարկե լանջերն արևկող են։ Ներքևներում՝ մի քիչ ավելի շատ, վերևներում գիշերվա սառնության պատճառով՝ համեմատաբար քիչ: Գորշ երանգ ստացած տարածքներում կանաչը սկսել է վերականգնվել։ Մերկ ճյուղերով տկլոր կանգնածները կաղնի չեն՝ բացատրում է անտառպահպանության ինժեները։
Վարդան Ղամբարյան (Արագածոտնի անտառտնտեսության անտառպահպանության ինժեներ) - Վայրի խնձորենի է, հիմի նոր սկսել ա վերականգնվել: Ուշ ա ավելի իրա թփերը բացվում: Մյուսի կանաչն ավելի վառ ա, նա նոր բացված ա, նրա վրա քիչ ա թրթուրը եղել:
Վերջին օրերի անձրևները անտառը տեղը տեղին ջրեցին, այնպես որ, առաջիկա օրերին նոր տերևների բացվելը կարագանա, հույս ունեն Արագածոտնում։ Վեգետացիան կտեսնեն, կաղինը՝ ոչ․ ծառերը չեն հասցնի այս աշնանը սերմ տալ։ Վնասատուի պատճառով վերջին երեք տարում անտառի աճը, կարելի է ասել, կանգնել էր։ Հունիսի կեսերի ավիասրսկումը փրկեց կաղնուտը, վստահ է «Հայանտառի» Արագածոտնի մասնաճյուղի ղեկավարը։
Արսեն Նազարյան («Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն) - Որդն արդեն իսկ ոչնչացել Է, կաղնուտը սկսել Է թփակալել, վերականգնվում Է անտառը:
Որդի կերած կաղնուտը սկսել է վերականգնվել նաև Հրազդանի անտառտնտեսությունում։ Վնասատուի ախտահարած Կոտայքում ու Արագածոտնում միասին ավիացիոն-քիմիական մշակման է ենթարկվել ավելի քան 5,5 հազար հա տարածք։ Բնապահպանական միջոցառման վրա ծախսված 40 մլն դրամն արդարացրեց սպասումները՝ գնահատում են «Հայանտառում»։
Պավել Ցուգունյան («Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար) - Արդյունքները գոհացնող են, վնասատուները ոչնչացված են:
Չնայած խնդիրը կար արդեն երեք տարի, «Հայանտառն» այս ամառ միայն կարողացավ ուղղաթիռով վնասատուների դեմ զանգվածային պայքար իրականացնել։ Այն էլ՝ մասամբ։ Ֆինանսավորումը կհերիքեր՝ ասում է ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, շատ կուզեին նաև երկրի հարավ իջնել, սրսկել Սյունիքի ու Վայոց ձորի որդնած կաղնուտը, բայց.
Պավել Ցուգունյան - Պատերազմի պատճառով չկարողացանք ուղղաթիռը թռցնենք, այնտեղ չկարացինք ավիապայքարը կատարենք:
Երկրի անտառապատ մյուս հատվածներում՝ Լոռի-Տավուշում, ըստ պատասխանատուների, վնասատուներ առանձնապես չկան։ Ծառերն առողջ են։