ՊԵՏՔ Է ՀԶՈՐԱՑՆԵՆՔ ՀՀ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՔԼԱՐՔ
ԱՄՆ կոնգրեսական Քեթրին Քլարքն ամուր կանգնած է Հայաստանի ու Արցախի կողքին Ադրբեջանի ագրեսիայի դեմ:
Նա, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանական զինված ուժերն անհապաղ պետք է դուրս բերվեն Հայաստանի տարածքից և վերջ դնեն բազմաթիվ կյանքեր խլած բռնություններին: Հայաստանի ինքնիշխանության ոտնահարումը Ադրբեջանի բռնապետական իշխանության կողմից իրականացված ևս մեկ վտանգավոր ու սադրիչ գործողություն է, ինչը խարխլում է խաղաղություն տանող ցանկացած ճանապարհ և ապակայունացնում տարածաշրջանը: Խստորեն դատապարտում եմ ագրեսիայի այս դրսևորումը: Հպարտ եմ, որ քվեարկել եմ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի առաջարկած փոփոխության օգտին, որը ենթադրում է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկում և ապակայունացնող գործողությունների համար Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկում: Այժմ, ավելի քան երբևէ, մենք պետք է հզորացնենք Հայաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները՝ ցուցաբերելով տնտեսական աջակցություն և ի վերջո ճանաչել Արցախի ժողովրդի ինքնիշխանության իրավունքը»:
ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՐՎԵԼ Է
Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը սրվել է: Շուրջ 270 պաղեստինցի է վիրավորվել Հորդանանի Արևմտյան ափին իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ: Զինվորականներն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել արաբ ակտիվիստներին ցրելու համար: Հարյուրավոր պաղեստինցիներ հավաքվել էին Բեյթ Ումմար քաղաքում՝ սգալու Իսրայելի զինվորականների կողմից սպանված պաղեստինցի ցուցարարի մահը: Արևմտյան ափին բախումները վերսկսվել են իսրայելցիների վերաբնակեցման պատճառով:
ԹՈՒՐՔԻԱՆ՝ ՀՐԴԵՀԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ
Թուրքիայում անտառային հրդեհներն անկառավարելի են դառնում: Հազարավոր հրշեջներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին: Թուրքիայի՝ Միջերկական ու Էգեյան ծովերի ափերին գտնվող 17 շրջաններում արձանագրվել է կրակի մոտ 70 օջախ: Բնական աղետի հետևանքով մահացել է չորս մարդ, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կավելանա: Կան բազմաթիվ վիրավորներ: Աղետի գոտում իրականացվում է բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանում: Անտառային հրդեհների պատճառն ուժեղ քամիներն և օդի բարձր ջերմաստիճանն են:
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԹԱՐ ԲՈՍՏՈՆՈՒՄ
Երկաթուղային վթար Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում: Երկու գնացքների բախման հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան 20 մարդ: Տուժածները բուժօգնություն են ստանում: Գնացքներից մեկի մեքենավարը նույնպես վիրավորվել է: Երթուղային վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել: