Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նաև հուլիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում վիրավորված Վաչագան Մարտիրոսյանի վիճակը, որ գնահատվում էր ծայրահեղ ծանր:
Սահակ Օհանյան (ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ) - Վիճակը դեռևս ծանր է՝ պայմանավորված ընդհանուր վիրավորումների, այն վնասների, որ կրել է զինծառայողը պայթյունի հետևանքով: Ներկայումս գտնվում է արհեստական շնչառության սարքի միացված, բժիշկները պատրաստում են մոտակա ժամանակներս վիրահատելու նրան, բուժման ընթացքը հարթ է, հեմոդինամիկ տվյալները ստաբիլ են՝ ամենակարևորը:
Վերջին շաբաթվա սահմանային դեպքերի հետևանքով վիրավորած վեց զինծառայողից երկուսն են գտնվում վերակենդանացման բաժանմունքում, մյուսները տեղափոխվել են հիվանդասենյակներ: Հուլիսի 23-ին վիրավորված ժամկետային Արման Աթեսյանի վիճակը գնահատվում է բավարար:
Սահակ Օհանյան - Աթեսյանը ստացել էր բարդ վիրավորում՝ աղիների վիրավորում, երիկամի: Առաջին վիրահատությունը կատարվել է կայազորային հոսպիտալում, կանգնեցվել է արյունահոսությունը, հեռացվեց երիկամը, կյանքին վտանգի սպառնալիքն այնտեղ ենք վերացրել:
Զինծառայողն այնուհետև տեղափոխվել է կենտրոնական հոսպիտալ: Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի խոսքով՝ կրկնակի վիրահատության խնդիր դեռևս չկա:
Սահակ Օհանյան - Ժամանակ է պետք՝ աղիները վերականգնեն, և ռեկոնստրուկտիվ վիրահատության արդյունքում կվերականգնվի մնացածը:
Հուլիսի 29-ին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սարգսյանը շատ բարդ վիրահատության է ենթարկվել: Նա ստացել էր նախաբազկի զույգ ոսկորների բազմաբեկոր գնդակային վիրավորում, ինչի հետևանքով վնասվել էին անոթները:
Սահակ Օհանյան - 6 ժամ վիրահատությունն ընթացել է, մեր մասնագետների կողմից վերականգնվել է անոթների ամբողջականությունը, և արտաօջախային ֆիքսացիայի սարքի միջոցով ֆիքսվում են ոսկորները, վիճակը միջին ծանրության է՝ կապված բարդ վիրահատությունների հետ:
44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր մեկ զինծառայող է դեռևս գտնվում վերակենդանացման բաժանմունքում: Նա քաղաքացիական բուժկենտրոններից մեկում է:
Սահակ Օհանյան - Բոլոր տղաները գտնվում են պետության աջակցության ներքո, ծագող խնդիրների դեպքում արագ արձագանքում են:
Զինված ուժերը ծրագրում է հզորացնել կայազորային հոսպիտալները: 44-օրյա պատերազմը ստիպեց արագացնել 2019-ին մեկնարկած ծրագրի իրականացումը:
Սահակ Օհանյան - Բոլոր միջնաժամկետ ծախսային ծրագրերն այնպես են կազմված, որ ըստ կարևորության որոշում ենք՝ որ ուղղությունն է կարևոր զարգացնել, ջանքերն ուղղում այդտեղ:
Պատերազմում վիրավոր ոչ բոլոր վիրավորներն են վաղաժամ զորացրվել. բուժծառայության հիմնական խնդիրն ու առաքելությունը, ըստ գնդապետ Սահակյանի, վիրավորներին պատշաճ բուժօգնության ցուցաբերելն է, զինծառայողին շարք վերադարձնելը:
Վստահեցնում է՝ շատերը արդեն ապաքինվել ու անցել են զինծառայության: