ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է Կուբայի, մասնավորապես՝ ազգային հեղափոխական ոստիկանության նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
«Մենք լսում ենք կղզուց եկող ազատության աղաղակները: Միացյալ Նահանգները համաձայնեցված գործողություններ է ձեռնարկում կուբացի ժողովրդին սատարելու համար»,- ասել է նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կուբայական ծագում ունեցող ամերիկացիների հետ հանդիպմանը:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ պատժամիջոցները կիրառվում են Կուբայում հուլիսի 11-ից տեղի ունեցող «խաղաղ, ժողովրդավարությանը միտված» ցույցերին ի պատասխան արվող գործողությունների:
Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ քննարկում է գործողությունների լայն շրջանակ, ներառյալ՝ կուբացիներին համացանցի հասանելիության ապահովում: Ստեղծվելու է նաև աշխատանքային խումբ, որը վերանայելու է ԱՄՆ դրամական փոխանցումների քաղաքականությունը:
Կուբայում համացանցին հասանելիությունը զգայուն թեմա է: Կուբայի կառավարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ում «Կաստրոյի դեմ» խմբերը, վերջինիս դեմ պայքարելու համար, ակտիվորեն օգտագործել են սոցիալական մեդիան, մասնավորապես, Twitter-ը: