Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի մի անկյունում դպրոցականները ժանյակագործություն են սովորում, մյուսում՝ թաղիքագործություն ու գորգագործություն: Դպրոցական արձակուրդի օրերը երեխաներն արդյունավետ են օգտագործում՝ հայկական արհեստներն են ուսումնասիրում:
Թանգարանի ամառային դպրոցի «Ինքնության դարբնոց» ծրագրով այստեղ բոլորին՝ անկախ տարիքից, սովորեցնում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն: Սեպտեմբերից կրթական գերատեսչության աջակցությամբ անվճար դասեր կանցկացնեն մանկատան սաների, ծերանոցի բնակիչների ու հաշմանդամություն ունեցող զինվորների համար:
Ծրագրին հաշմանդամություն ունեցող մոտ 60 զինվոր կմասնակցի: Եթե նրանք չեն կարողանա դասերին միանալ, հնարավորություն կտրվի ընտանիքի անդաներին: Մանկատների ու ծերանոցների դեպքում դասերը տեղում կանցկացնեն, կլինեն նաև թանգարան այցելություններ:
Կրթական այս ծրագրով կազմակերպիչները նպատակ ունեն անհատին մոտեցնել հայկական մշակույթին ու ժառանգությանը, իսկ այդ գործը կանեն ոլորտի վարպետները:
«Ինքնության դարբնոցում» սովորողները, անկախ իրենց մասնագիտությունից, տարիքից ու կարողություններից, նոր հմտություններ ձեռք կբերեն ու կդառնան հայկական հարուստ մշակութային ժառանգության՝ ազգային ինքնության կրողները: Ոմանց համար այս դասերը գուցե նոր հեռանկարներ բացեն: